Լաչինի միջանցքում անցակետ դնելով՝ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքը․ Ֆրանսիայի Սենատի անդամ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

42a4d785-0b2c-4079-9901-aa633a654fb1.jpg

Ֆրանսիայի Սենատի անդամ Պիեռ Ուզուլյասը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ դնելը միջազգային իրավունքի խախտում է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուզուլյասն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Լաչինի միջանցքի սկզբնամասում անցակետ դնելով՝ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքը։ Այս քայլը գալիս է համալրելու ուխտադրուժ քայլերի երկար ցանկը, որոնք Բաքուն արդեն թույլ է տվել։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ աջակցի Հայաստանին»,- գրել է Ֆրանսիայի Սենատի անդամը։

Ադրբեջանն ապրիլի 23-ից անցակետ տեղակայելու աշխատանքներ էր սկսել Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի վրա։ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունները հայտարարել են, որ Ադրբեջանի այդ քայլը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է։ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԵՄ-ն մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղակայելու կապակցությամբ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ու ԱԳՆ-ն էլ հայտարարել են, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քայլեր է ձեռնարկում ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

--00—ԶՀ