ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
73 տարեկանում կյանքից հեռացել է ԱՀ վաստակավոր մանկավարժ Սմբատ Զոհրաբի Սաղյանը։
Արցախի ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է Սմբատ Սաղյանի կենսագրությունը․
Ծնվել է 1950 թվականի հուլիսի 13-ին, ԼՂԻՄ-ի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում:
1968 թվականին ավարտել է Ճարտարի միջնակարգ դպրոցը:
1968 թվականին ընդունվել է ՀՀ Աբովյան քաղաքի թիվ 7 տեխնիկական ուսումնարանը:
1969-1974 թվականներին սովորել է ԵրՊՀ-ի քիմիայի ֆակուլտետում։
1974-1977 թվականներին Մարտունու շրջանի Ճարտար գյուղի Ղուզե Կալերի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես քիմիայի ուսուցիչ :
1977-1990 թվականներին աշխատել է Ուսուցիչների կատարելագործման մարզային ինստիտուտում՝ որպես քիմիայի կաբինետի վարիչ: Նույն տարիներին համատեղության կարգով աշխատել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 2 և ֆիզմաթ դպրոցներում:
1990 թվականի նոյեմբերից տեղափոխվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ՝ որպես մեթոդիստ: 1991 թվականի սեպտեմբերից աշխատել է որպես ավագ դասախոս:
2007 թվականի մարտից նշանակվել է ԱրՊՀ քիմիայի ամբիոնի դոցենտի պաշտոնակատար, այնուհետև՝ դոցենտ:
Մինչև 2019 թվականը դասախոսել է ԱրՊՀ-ում։
Ունի 12-ից ավել գիտական և մեթոդական տպագրված աշխատանքներ:
Պարգևատրվել է ԱՀ վարչապետի մեդալով, մի շարք պատվոգրերով և գերատեսչական հուշամեդալներով:
2020 թվականին Սմբատ Սաղյանին շնորհվել է ԱՀ վաստակավոր մանկավարժի կոչում:
Մեծ է նրա ավանդը ոչ միայն գիտության, այլ նաև հանրակրթության ոլորտում, մասնավորապես` ուսուցիչների վերապատրաստման գործընթացում։
Սիրված և հարգված էր գիտակրթական, ուսուցչական և ուսանողական հանրույթներում։ Երեք որդիների օրինակելի հայր էր, հոգատար ամուսին, հասարակության մեջ ընդօրինակելի կերպար։
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում սիրված մանկավարժի հարազատներին ու մտերիմներին։
--00—ՍՊ