Շիրակի մարզի ողբերգական վթարի գործով մեղադրյալի նկատմամբ առայժմ խափանման միջոց չկա ընտրված. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

60-388

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի գործով մեղադրյալ «ZIL» մակնիշի բեռնատարի վարորդի նկատմամբ առայժմ խափանման միջոց չկա ընտրված։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Աբրահամյանի խոսքերով, բեռնատարի վարորդը, որը մեղադրվում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելու մեջ, գտնվում է բուժհաստատությունում, շարունակում է ստացիոնար բուժում ստանալ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։

Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։

--00—ՅՄ