Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը և անդամները խոշոր չափի կաշառք են ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

l-yDXLnEMGt

Ավարտվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախա­րարության բժշկասոցիալական փոր­ձաքն­նության գործակալության Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի ու  նույն հանձնաժողովի անդամների կողմից երկու տասնյակ քաղաքացուց կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված, ապա ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ ՔԿ  Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված անհրաժեշտ վարութային ու քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ հիշյալ հանձնաժողովի նախագահը, նույն հանձնաժողովի անդամ երկու բժիշկ-փորձագետների հետ նախնական համաձայնությամբ, ինչպես նաև հանրային ծառայող չհանդիսացող բուժվիճակագրի օժանդակությամբ, բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ անձին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության խումբը որոշելու, տևողության ժամկետների սահմանման լիազորություններն իրականացնելիս, քաղաքացիների օգտին նախընտրելի որոշում կայացնելու, այն է՝ հաշմանդամ ճանաչելու, տևողության ժամկետը սահմանելու համար, փորձաքննության դիմած, քննությամբ ինքնությունները պարզված 10 և ինքնությունները դեռևս չպարզված ևս 10 անձանցից 2018թ․ դեկտեմբերից մինչև 2019թ. ապրիլի 29-ն ընկած ժամանակահատվածում իրենց աշխատասենյակում պահանջել և որպես կաշառք են ստացել ընդհանուր առմամբ՝  խոշոր չափերով 695.000 ՀՀ դրամ՝   յուրաքանչյուր անձից 20.000-ից մինչև 55.000 ՀՀ դրամ գումարներով:

Այնուհետև, կաշառք ստացած գումարները հանձնաժողովի նախագահը օրվա վերջում բաշխել է հանցակիցների միջև՝ բժիշկ-փորձագետներից մեկին տալով 10.000-ական, մյուս բժիշկ-փորձագետին  և բուժվիճակագրին՝ 5000-ական դրամ: 2023-ի հոկտեմբերին Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձաժողովի նախագահին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Երկու բժիշկ-փորձագետներին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ, բուժվիճակագրին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ առերևույթ կածառք տված Վանաձորի մի բնակչի՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով:

Հանձաժողովի նախագահի նկատմամբ, որպես խափանման միջոց,  ընտրված է եղել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով։ Մյուս չորս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Առերևույթ կաշառք տված՝ ինքնությունները պարզված մյուս 9 անձանց նկատմամբ (1-ի պարագայում՝ մահվան, իսկ մյուս 8-ի դեպքում՝ գործուն զղջալու հիմքով) քրեական հետապնդում չի հարուցվել։

Գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով կալանք է դրվել մեղադրյալներից երկուսի շարժական և անշարժ գույքի վրա, որոշում է կայացվել վերջիններիս պաշտոնավարումը ժամակավորապես դադարեցնելու մասին:

Նշված 5 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է: Նրանց մասով անջատված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով:

Մյուս մասով շարունակվող նախաքննությամբ միջոցներ են ձեռնարկվում առերևույթ կաշառք տված՝ ինքնությունը չպարզված մյուս անձանց պարզելու,  նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ