Պաշտոնեական դիրքի չարաշահում, կոռուպցիա չի եղել. ՊՆ նախկին նախարարն՝ իր դեմ նոր քրգործի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

դ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գործով ևս 30 տուժող է ի հայտ եկել։ Այդ մասին Սարգսյանն ասել է ֆեյսբուքյան իր էջում․
 

 

Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 24-ին հանրային նոր քրեական հետապնդում է հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի նկատմամբ այն բանի համար, որ նա Նախարարության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում 2018 թվականի հունվարին դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ: Արդյունքում՝ էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Նախկին նախարարն իր նկատմամբ հարուցված քրեական գործն ու իր դեմ առաջադրված մեղադրանքը Հայաստանի իրավական համակարգի թշվառություն է որակել։ 

Նա շեշտել է, որ 2023 թվականի փետրվարին հորդորել է հրապարակել իր հանցավորության հետևանքով բնակարան ստացած և մեղադրական կողմի կարծիքով օրենքի խախտմամբ բնակարան չստացած անձանց ցանկը: Հրապարակվել է միայն բնակարան չստացածների ցանկը։ Գործով կար 12 տուժող։ Վստահեցնում է` դա չի արվել, բայց քննչական մարմինը հանգել է այն եզրահանգման, որ այդ տուժողները, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել էր քրեական վարույթը, իրականում բնակարան ստանալու իրավունք չունեին, և նրանց իրավունքները չեն խախտվել: Նրանց այժմ զրկել են տուժողի կարգավիճակից:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ «նախկին տուժողները» ընդամենը միջոց են եղել, որոնք օգտագործվել են շահադիտական նպատակով և հեռացվել գործից։

«Բայց որպեսզի գործը չկարճվի, քննիչները հավաքագրել են 30 նոր տուժող, որոնց, ըստ մեղադրանքի, այդ բնակարանները պետք է հասնեին, բայց չեն հասել: Ես չեմ ճանաչում ո՛չ այս նոր «տուժողներին», ո՛չ հներին, ո՛չ էլ բնակարան ստացած զինծառայողների բացարձակ մեծամասնությանը: Փոխարենը կարող եմ ասել միայն, որ բնակարաններ չեն ստացել ցուցակում երկար տարիներ ընդգրկված և մարտական գործողությունների մասնակից իմ բավական մոտիկ ազգականը, իմ ընդունարանում հերթապահություն իրականացնող շատ օրինակելի համհարզ-սպան և շատ ուրիշներ»,– նշել է ՊՆ նախկին նախարարը։ 

Սարգսյանի խոսքով՝ իր որոշումներում որևէ շահագրգռվածություն չի եղել, ոչ էլ կոռուպցիոն հատկանիշ, եղել է միայն այդ պահի նեղ հնարավորություններն առավել վաստակաշատ զինծառայողներին ընձեռելու մղում․

«Արդյոք 2018-2023 թվականներին ՊՆ-ի համար բնակարաններ չե՞ն կառուցվել, կամ ինչո՞ւ այդ 30 տուժողը մինչ օրս բնակարաններով չեն ապահովվել։ Այս տուժողներին էլ ընդամենն օգտագործում են քաղաքական հակառակորդների դեմ պայքարում»։ 

Սարգսյանը շեշտել է, որ իր մշակած ծրագրով այս 5 տարվա ընթացքում բնակարան էր ստանալու 5.000 սպայական ընտանիք:

--00—ՍՊ