Հայ դատը կզորակցի Երուսաղեմի հայ համայնքին և պատրիարքությանը իրենց իրավունքի պաշտպանության համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

հայ դատ

Հայ դատի կենտրոնական խորհուրը զորավիգ կլինի Երուսաղեմի հայ համայնքին և Հայոց պատրիարքությանը՝ պաշտպանելու իրենց հազարամյա իրավունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, այս մասին նոյեմբերի 18-ին  հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը:

«Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» անունով հայտնի հողամասի հարցը մտել է նոր փուլ, ինչը Երուսաղեմի Հայոց պատրիարքության բնորոշումով «ամենամեծ գոյաբանական սպառնալիքն» է պատրիարքության 16-դարյա պատմության մեջ։

Բռնի ուժ կիրառելու փորձեր են կատարում և սպառնալիքներ հնչեցնում ոչ միայն խաբեությամբ ստորագրված և խնդրահարույց պայմանագրի մյուս կողմը, այլ նաև՝ Երուսաղեմի ոստիկանությունը։ Երուսաղեմի հայ համայնքը և Հայոց պատրիարքությունը միասնաբար լծված են դիմադրության՝ ի պատասխան բռնությամբ հարցի լուծումը պարտադրելուն։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարում է, որ իր ողջ կարողականությամբ և գործակցաբար Հայ դատի համաշխարհային ցանցի հետ, զորավիգ է կանգնում Երուսաղեմի հայ համայնքին և Հայոց պատրիարքությանը՝ պաշտպանելու իր հազարամյա իրավունքները։

Հարցի կարգավորումը պետք է կատարվի բացառաբար տեղական և միջազգային օրենքների հիման վրա՝ առանց ուժ կիրառելու կամ ուժ կիրառելու սպառնալիքի։

Երուսաղեմում հայկական իրավունքների հարցը վերաբերում է համայն հայությանը, հետևաբար՝ այդ իրաւունքները ոտնահարելու որևէ փորձ ենթակա է համայն հայության համարժեք վերաբերմունքին»,-ասված է հայտարարության մեջ։

--00—ԼՀ