53-ամյա տղամարդը Պռոշյան գյուղի գերեզմանատան մոտ հրկիզել էր համագյուղացու «ԳԱԶ-53» բեռնատարը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

timthumb (1)

Դեկտեմբերի 16-ին, ժամը 19.50-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Պռոշյան գյուղի Եղբայրական գերեզմանատան մոտ բեռնատար ավտոմեքենա է այրվում:

Նշված վայր մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խմբին Պռոշյան գյուղի 42-ամյա բնակիչը հաղորդում է տվել, որ անհայտ անձը ժամը 19.00-ի սահմաններում հրկիզել է իր «ԳԱԶ-53» բեռնատարը՝ պատճառելով 2 500 000 դրամի վնաս:

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ բեռնատարը հրկիզել է պռոշյանցի 53-ամյա տղամարդը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին:

53-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ