Այաթոլլա Խամենեին խոստացել է խիստ պատասխան տալ Քերմանում ահաբեկչությունն իրականացնողներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

կկ.j

Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին խոստացել է խիստ պատասխան տալ Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Այաթոլլա Խամենեին նաև ցավակցություն է հայտնել ավելի քան 100 մարդու կյանք խլած երկու պայթյունների զոհերի հարազատներին։

«Եվս մեկ անգամ Իրանի ժողովրդի չար և հանցագործ թշնամիները ողբերգություն ստեղծեցին և Քերմանում սպանեցին մեծ թվով թանկագին մարդկանց», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը հունվարի 3-ին։

Այաթոլլա Խամենեին հավելել է, որ ահաբեկչությունն իրականացնողները չեն կարող հանդուրժել ժողովրդի սերը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հանդեպ, որի գերեզմանի մոտ էլ տեղի են ունեցել պայթյունները։

«Նրանք պետք է իմանան, որ ողբերգություն ստեղծելու այս գործողությանը կհաջորդի խիստ պատասխան՝ Աստծո կամքով», - ասել է նա։

Իրանի Քերմանի նահանգում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 103-ի, ևս 211-ը վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալի մահվան 4-րդ տարելիցի օրը՝ նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։

Tasnim-ը հաղորդում է, որ հեռվից պայթեցվել են պայթուցիկներով լի երկու պայուսակներ։ Առաջին պայթյունն իրականացվել է տեղի ժամանակով ժամը 14։50-ին՝ Սոլեյմանիի գերեզմանից 700 մ հեռավորության վրա։ Իսկ երկրորդ պայթյունն իրականացվել է 10 րոպե անց՝ Սոլեյմանիի գերեզմանից մոտ 1 կմ հեռավորության վրա։

Առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։

Իրանում հունվարի 4-ին համապետական սուգ է հայտարարվել։

--00--ԼՀ