Էրդողանը 12 տարվա մեջ առաջին անգամ մեկնել է Եգիպտոս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանը ԱՄԷ կատարած այցից հետո մեկնել է Եգիպտոս։ Նշվում է, որ 12 տարի անց սա Էրդողանի առաջին այցն է Եգիպտոս։ Կահիրե կատարած նրա այցը պայմանավորված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմամբ, որը երկար դադարից հետո վերականգնվել  է  Կատարում ՖԻՖԱ-ի 2022 թվականի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ, երբ նախագահները իրար ողջունեցին ձեռքսեղմումով։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև լարվածությունը սկիզբ էր առել 2013-ի ամռանը Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ»-ին քաղաքական իշխանությունից հեռացնելու հարցում Թուրքիայի դիրքորոշման և այդ երկրի ներքին գործերին միջամտելու Անկարայի քաղաքականության պատճառով: Դրան հաջորդել էր Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցումն ու դեսպանների հետկանչը։

Կահիրեում Թուրքիայի նախագահը կհանդիպի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ։ Նախագահների երկկողմ և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո Էրդողանը և Սիսին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

--00—ԼՀ