Հարկադիր կատարման ոլորտի հարցերը քննարկվել են ԵԽ ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

ff

Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այսօր հյուրընկալել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին, ԵԽ միջազգային փորձագետ, Դատական կարգադրիչների միջազգային միության գլխավոր քարտուղար Մաթյո Շարդոնին։ Այցի նպատակն էր տեղում քննարկել հարկադիր կատարման ոլորտում առկա խնդիրներն ու լուծման հնարավոր ուղիները։ Հայտնում են Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։ 

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Արդարադատության նախարարության հետ արդյունավետ ու հաջողված համագործակցության համար, ինչպես նաև պարոն Շարդոնին՝ «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի մշակման՝ եվրոպական չափանիշներին համապատասխանության ապահովման հարցում արժեքավոր փորձագիտական աջակցության համար։ Լևոն Բալյանը նկատել է, որ ԵԽ-ի հետ նախարարության համագործակցությունը բազմաշերտ է, և այսօրվա հանդիպումը լավ առիթ է համագործակցության ուղղությունները հետագայում ամրապնդելու համատեքստում։

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակում հարկադիր կատարողների հետ կազմակերպված հանդիպման համար՝ կարևորելով կատարողական գործողությունների ընթացքում հանդիպող հարցերն անմիջապես միջազգային գործընկերների հետ առարկայական քննարկելը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկադիր կատարողի աշխատանքում հանդիպող գործնական խնդիրները, դրանց հաղթահարման ուղիները, հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման հիմնական խոչընդոտները։ Միաժամանակ շեշտվել է նաև, որ գործող օրենքի պարագայում գործնականում հանդիպող խնդիրների հիմնական մասը լուծում կստանա նոր օրենքի նախագծի ընդունմամբ։

Հյուրերը շրջայց են կատարել նաև Ծառայության վարչական շենքում, Սպասարկման գրասենյակում և Քաղաքացիների ընդունելության կենտրոնում հետևել քաղաքացիների սպասարկման գործընթացին, ծանոթացել ՀԿԱԾ էլեկտրոնային նոր համակարգի և հարկադիր էլեկտրոնային աճուրդի էլեկտրոնային գործիքակազմի, ինչպես նաև քաղաքացիներին սպասարկելու համար ձեռք բերված շարժական գրասենյակների հնարավորություններին։

--00—ՍՊ