Աներոջ սպանության մեջ մեղադրվող ոստիկանության նախկին ծառայողի կալանքի ժամկետը երկարացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ֆ

Աներոջ սպանության մեջ մեղադրվող Գոռ Տեր-Եսայանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, երկարացրել է Արթուր Մարգարյանի սպանության համար մեղադրվող փեսայի՝ ոստիկանության նախկին ծառայող Գոռ Տեր-Եսայանի կալանավորման ժամկետը՝ ևս երեք ամսով։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց տուժողի դստեր փաստաբանը՝ Գոռ Սաղոյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քրեական գործով Տեր-Եսայանը նախ կալանավորվել էր, ապա՝ նշանակված երկու փորձաքննություններով անմեղսունակ ճանաչվել, տեղափոխվել հոգեբուժական կենտրոն, իսկ նշանակված երրորդ փորձաքննության եզրակացությամբ նա արդեն ճանաչվել է մեղսունակ, ինչից հետո քրեական վարույթի շրջանակներում Տեր-Եսայանին կալանավորելու միջնորդությունը մերժվել էր ու որպես խափանման միջոց կիրառվել բացակայելու արգելքը։ Տեր-Եսայանի՝ ազատության մեջ գտնվելու ընթացքում նոր քրեական վարույթ է նախաձեռնվել՝ սպառնալիքների հատկանիշներով, որով Տեր-Եսայանի նկատմամբ, թեև քրեական հետապնդումը դադարեցվել է, բայց գործի վարույթը դեռևս չի կարճվել։ Մասնավորապես, ամուսնու՝ Գոռ Տեր-Եսայանի կողմից հետապնդումների մասին կինը՝ Լիանա Մարգարյանը, հրապարակային ահազանգել էր ՝ երեխաների հետ թաքնված է, չի բացահայտում գտնվելու վայրը, քանի որ մտավախություն ունի իր ու երեխաների համար։ Տևական ժամանակ Լիանա Մարգարյանը, նրա քույրը՝ սպանության գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված Էլլա Մարգարյանը, նրանց ազգականները, Գոռ Տեր-Եսայանի հարազատ եղբայրը գտնվել են ոստիկանության պաշտպանության ներքո։ Փաստաբան Գոռ Սաղոյանի փոխանցմամբ՝ այժմ հսկողություն չի իրականացվում՝ պայմանավորված մեղադրյալի՝ կալանքի տակ գտնվելու հանգամանքով։

Այսօրվա դատական նիստում դատարանը որոշել է ևս երեք ամսով երկարացնել կալանավորման ժամկետը՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը չի նվազել։ Տեր-Եսայանի խափանման միջոցի հարցի քննարկումից հետո դատարանն անցել է հիմնական դատալսումների փուլին, մեղադրողը հանդես է եկել բացման խոսքով։ Տուժողի ներկայացուցիչը լիահույս է, որ հաջորդ նիստին արդեն կհետազոտվեն ապացույցները, քանի որ գործն արդեն մեկ տարի է, ինչ դատարանում է, սակայն ապացույցների հետազոտում դեռ չի իրականացվել՝ տարբեր պատճառներով։
 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՍՊ