Նշված հողերի հանձնումը Հայաստանին հասցնելու է ծանրագույն հարված. «Հայկական նախագիծ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

ֆֆ

 

«Հայկական նախագիծ» կազմակերպությունը Հայաստանում ստեղծված ռազմաքաղաքական հերթական ճգնաժամի վերաբերյալ հայտարարում է․

1․ Տավուշի արևելքում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, Տավուշի և Լոռու մարզերի միջև գտնվող անտառային գոտում թշնամի Ադրբեջանին հողեր հանձնելու ՀՀ դե-ֆակտո իշխանությունների քայլերը նպաստում են Հայաստանի (Հայկական լեռնաշխարհի) տարածքում հայ-թուրքական դարավոր հակամարտության մեջ թուրքական ցեղասպան քաղաքականության իրականացմանը։

2․ ՀՀ ղեկին հակահայաստանյան իշխանությունների հայտնվելը հնարավոր է դարձել Թուրքիայի, Ադրբեջանի և նրանց շահակից օտարերկրյա ուժերի՝ մեր պետության ներսում տասնամյակներ շարունակ վարած սոցիալական և քաղաքական ինժեներիայի արդյունքում, ինչը մեր թշնամիների համար լուծել է բացառապես ռազմաքաղաքական խնդիր՝ հեշտացնել Արցախի և հայաստանյան մյուս հողերի գրավումը։ Այլաբանորեն ասած՝ սա ամրոցը ներսից գրավելու հազարամյա մարտավարությունն է՝ իրականացված ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։

3․ Նշված հողերի հանձնումը Հայաստանին հասցնելու է ծանրագույն հարված։ Քանդվելու է ՀՀ ԶՈՒ ամենակահավորված պաշտպանական բնագիծը, անկում է ապրելու զորքի բարոյահոգեբանական վիճակը, թշնամու լիակատար տիրապետման և վերահսկողության տակ է անցնելու Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհը, տասնյակի հասնող գյուղեր դառնալու են հայության բնական կենսագործունեության համար անհամապատասխան՝ արժանանալով Սյունյաց և Գեղարքունյաց գյուղերի ճակատագրին, Իջևան և Դիլիջան քաղաքները զրկվելու են զարգացման, այդ թվում՝ զբոսաշրջային գրավչության հեռանկարից, Գեղարքունիքի մարզը հյուսիսից ևս հայտնվելու է խոցելի վիճակում, իսկ Վերին Ոսկեպարի անտառներից թշնամին անարգել մուտք է գործելու դեպի Լոռու մարզ։

4․ Ավելորդ չէ նշել, որ սա չի բերելու ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից մանիպուլյատիվ կերպով քարոզվող խաղաղությանը, որովհետև թշնամու ախորժակը դրանից հետո է՛լ ավելի է բացվելու, ինչպես դա եղավ Արցախի ժամանակավոր գրավումից հետո։ Հաջորդիվ թշնամին զավթելու է Արարատի մարզի կենտրոնը՝ Տիգրանաշենը, և դեպի Իրան տանող ճանապարհը՝ վերջինս Հայաստանի հյուսիսը հարավին կապող մայրուղուց վերածելով Երևանի համար ռազմական ներխուժման հենակայանի։

5․ «Հայկական նախագիծը», հենվելով քաղաքագիտական եզրահանգումների և պարզ ողջամտության վրա, կոչ է անում Հայաստանի ճակատագրի համար հանձնառություն ստանձնած քաղաքական ուժերին առերեսվելու մեր հազարամյա պետականության գլխին կախված վտանգի առարկայականության հետ, մեխանիզմներ մշակելու՝ միմյանց միջև առկա տարաձայնությունների հարթման և իրական քաղաքական կոնսոլիդացիա ձևակերպելու նպատակով։ Միայն այդ կերպ հնարավոր կլինի հաղթահարել հայկական քաղաքական դաշտի հատվածականությունը՝ ձեռք բերելով հաջողության հասնելու հնարավորություն։

6․«Հայկական նախագիծը» պատրաստ է իր բաժին ներդրումն ունենալ այդօրինակ մեխանիզմների առաջարկման, կիրառման հնարավորությունների մատնանշման և իրականացման հարցում։

--00—ՍՊ