Մեզ հնարավորություն տվեք, որ մեր հարցերը հերթով լուծենք. Վարչապետը՝ զոհված զինծառայողների

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 19, 24News

Կառավարության դիմաց վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող զոհված զինվորների մայրերին ու կանանց հանդիպելու եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ 2018-ին դարձա վարչապետ, ՀՀ զինծառայողների պաշտպանության հիմնադրամը վճարում էր 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար։ Առաջին որոշումներից մեկը, որ կայացրինք, այդ հիմնադրամի գործունեության ժամկետը երկու տարով տարանք հետ, այսինքն՝ սկսեց վճարվել 2014 թվականից», - հայտարարեց վարչապետը։

Նա նշեց, թե այդ որոշումը կայացնելուց մեկ ամսից անց, Եռաբլուրում իրեն են մոտեցել զոհված զինծառայողների մի քանի մայր՝ ասելով, թե վիրավորված են վարչապետից։ Նրանք վարչապետին ասել են, թե իրենց երեխաներն ավելի վաղ են զոհվել։

«Ես իրենց ասացի, որ կառավարությունը քայլ է անում և այդ ուղղությամբ է գնում։ Դրանից ընդամենը յոթ ամիս անց այդ նույն 1000 դրամների հետ կապված որոշում կայացվեց, որ սկսել ենք վճարել 2008 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար», - ասաց վարչապետը՝ նշելով, որ ընդամենը 1 տարվա մեջ վճարման դեպքերը 9 տարով հետ են տարել։

 Վարչապետի խոսքով՝ 1000 դրամները պետք է վճարելով հասնի մինչև 90-ականների դեպքերը։

«Դրա համար պետք է, որ աշխատատեղերը գրանցվեն։ Երբ մենք որևէ տեղ որևէ հարց լուծում ենք, խնդրում եմ, թող ձեր ռեակցիան չլինի վիրավորվելը, թե ինչու այ նրա հարցերը լուծվեցին։ Խնդրում եմ, թող ձեր ռեակցիան լինի այն, որ ինչ լավ է, Հայաստանում կառավարություն է ձևավորվել, որ բոլորի հարցերը լուծելով գնում է։ Մեզ հնարավորություն տվեք, որ մեր հարցերը հերթով լուծենք։ Ես որպես վարչապետ ամաչում եմ, որ հիմա այսպիսի հարց է բարձրացել, որովհետև համարում եմ, որ այս հարցը պետք է վաղուց լուծված լինի», - ասաց նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ նրանք, ինչ ասում են, ասում են՝ ճիշտ։

Տեսանյութեր

Live

Լրահոս