ՀԲՃ անդամը Ամուլսարի խնդիրը ներկայացրել է Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ամուլսար

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Բրյուսելում Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների ներկայացրել է Ամուլսարի խնդիրը, մասնավորապես՝ ծրագրի թույլատրումը նախկին կառավարության եւ դրա իրականացման ապահովման փորձերը ներկայիս կառավարության կողմից՝ հակառակ տեղի բնակիչների եւ Հայաստանի բնակչության լայն զանգվածների կամքի, եւ չնայած մարդու իրավունքների խախտումների լայն շրջանակի, այդ թվում՝ բնական միջավայրի վրա ազդող որոշումների կայացմանը մասնակցելու, առողջ ու բարեկեցիկ միջավայրում ապրելու, մաքուր ջրի, տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքների խախտումները: Այս մասին հայտնում են «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունից։

Ներկայացվել են նաեւ վերջին զարգացումները՝ կապված Լիդիանի ներկայացրած ՇՄԱԳ փաստաթղթերի միջազգային ուսումնասիրության հետ՝ ԷԼԱՐԴ-ԹիԱրՍի ընկերությունների զեկույցի հիմնական արդյունքները:

Եվրախորհրդարանի ներկայացուցիչների ուշադրությանն է ներկայացվել այն, որ Եվրամիության անդամ-պետությունների պետական մասնաբաժին ունեցող զարգացման բանկը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, այսպիսի մեծ դիմադրության արժանացած ծրագրի խոշոր ֆինանսավորողների թվում է եւ, ըստ այդմ, նաեւ կիսում է պատասխանատվությունը Հայաստանի օրենսդրության խախտումներով հաստատված այս ծրագրին նման աջակցություն տրամադրելու հարցում:

Ներկայացվել է նաեւ ներդրումային արբիտրաժների խնդիրը, մասնավորապես Ամուլսարի դեպքում դրա սպառնալիքը՝ իբրեւ շանտաժ ժողովրդավարական ալիքով ձեւավորված նոր կառավարության հանդեպ:

Հանդիպումը կայացել է «Make ICT Fair» ծրագրի շրջանակում. այս համաեվրոպական ծրագրի նպատակն է բարելավել տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների (օրինակ՝ բջջային հեռախոսների ու համակարգիչների) արտադրության շղթայում ներգրավված եւ դրանից ազդեցություն կրող աշխատավորների ու համայնքների կյանքը: Արտադրության այս շղթայում «մարդու իրավունքներն ու աշխատավորների իրավունքները խախտվում են ամեն օր, իսկ շատ երկրներում սա նաեւ խիստ բացասական ազդեցություն է ունենում բնական միջավայրի վրա»,- ասել է Ավստրիայի պատգամավոր Մոնիկա Վանան: Make ICT Fair նախաձեռնությունը թիախում է ԵՄ քաղաքացիներին, պետական գնումների գործակալություններին, զարգացման բանկերին, պաշտոնյաներին եւ ընկերություններին, որպեսզի վերջիններս ՏՏ ոլորտում իրենց գնումները համապատասխանեցնեն ավելի արդար քաղաքականությունների:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news