2019 թ. հունվար-օգոստոսին հանցագործությունների և ՃՏՊ-ների թիվն աճել է․ վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

վթար

Գրանցված հանցագործությունների թիվը Հանրապետությունում շարունակում է աճել:  ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները, ըստ որի՝ գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 16,522, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1062-ով ավելին է:

2019 թ. հունվար-օգոստոսին  459-ով աճել են ոչ մեծ ծանրության, 129-ով՝ միջին ծանրության դեպքերը՝ կազմելով 5086 դեպք:

Ծանր հանցագործությունների թիվը 2658 է, որը 436-ով ավելի է նախորդ տարվանից: Առանձնապես ծանր հանցագործությունները 191 են, որը նախորդ տարվա համեմատ 38-ով ավելի է:

Անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 491-ով՝ կազմելով 2797, այդ թվում՝ սպանության 33 դեպք (5-ով ավելի է նախորդ տարվա համեմատ-Tert.am), 21 սպանության փորձ,  դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 699  դեպք:  

Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 74 -ն է, որից բռնաբարություն և բռնաբարության փորձ՝ 20 դեպք՝ նախորդ տարվա 27-ի փոխարեն:   

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը հաշվետու ժամանակում կազմել է 2474, որը 99-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

 

140-ով ավելացել են ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպքերը և կազմել 947 դեպք, որից 150 -ը ավարտվել են մահվան ելքով: Հաշվետու ժամանակահատվածում մահվան ելքով ՃՏՊ-ները ավելացել են 13-ով:
 
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճ է գրանցվել՝ 8528 դեպք, որը 1384-ով ավելին է նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանից: Պետական կամ հանրային գույքի հափշտակությունների ոլորտում գրանցվել է 318 դեպք: 1386 դեպքով աճել են անձնական գույքի հափշտակությունների թիվը՝ կազմելով 7623 դեպք:

Գրանցվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործության 1968 դեպք, որը 131-ով քիչ է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածից: Գրանցվել է պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և անցնելու 242 դեպք:

2019 թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 223 դեպք է գրանցվել, որը 143 -ով քիչ է նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանից: