Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց․ վիշտը դեռ չի ամոքվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Նաիրի

1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, խորհրդարանի նիստերի դահլիճ ներխուժեցին զինված անձինք և կրակ բացեցին։ Հայաստանի նախագահն այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր։

Սպանվեց 8 պաշտոնյա՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, Օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը: 8 մարդ վիրավոր էր, 91-ը՝ գերի։

Կարճ ժամանակում հրապարակվեցին զինված անձանց անունները․ նրանք էին Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը, որոնք հետագայում դատապարտվեցին ցմահ ազատազրկման:

Ոճրագործությունից 20 տարի անց ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը: Վռամ Գալստյանը, ըստ պաշտոնական վարկածի, 2004-ի ապրիլի 27-ին ինքնասպան է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում: 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը մահացել է 2010-ին սրտի կաթվածից:

Գործով մեղադրյալներից Նորայր Եղիազարյանը մահացել է նախքան դատավճռի հրապարակումը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցում էլեկտրահարվելու հետևանքով:

Էդուարդ Գրիգորյանը մահացել է 2017-ի նոյեմբերի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Հոկտեմբերի 27-ի գործով դատավճիռը հրապարակվել է 2003-ի դեկտեմբերի 2-ին: Ամբաստանյալները մեղավոր էին ճանաչվել ՔՕ-ի 300 (Պետական իշխանությունը յուրացնելը), 305 (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը), 34-305 (Իշխանությունը յուրացնելու փորձ), 217 (Ահաբեկչություն), 133 (Ազատությունից ապօրինի զրկելը), 235 (Ապօրինի զենք ձեռք բերելը, իրացնելը, կրելը) հոդվածներով:

Օրերս Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով: Դիմումը քննարկման փուլում է։