ԱԱԾ պետերի վախճան, քանի՞սն են հեռացել ոչ իրենց մահով

ԵՐԵՒԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐ,  24News 

Հասարակությանը ցնցեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի սպանության կամ, ինչպես շրջանառվում էր մամուլում, հնարավոր ինքնասպանության դեպքը։ Կուտոյանը, որը երկար տարիներ աշխատում էր նախագահականում իբրև Սերժ Սարգսյանի օգնական, հայկական հատուկ ծառայության պետ նշանակվեց 2016 թ-ի փետրվարին ու պաշտոնավարեց մինչև 2018  թ-ի մայիսի 10-ը՝ այդ պաշտոնը թողնելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Թե ինչո՞վ էր Կուտոյանը զբաղվում պաշտոնանկությունից հետո՝ առանձնապես հայտնի չէ։ Մտերիմները նրան բնորոշում են իբրև համեստ ու ինքնամփոփ անձնավորության, որն առանձնապես հակված չէր իր անվան շուրջ հանրային հնչեղություն ստեղծել։ Թե ինչն է դարձել ԱԱԾ նախկին ու երիտասարդ պետի մահվան պատճառը՝ պետք է պարզեն իրավապահները, սակայն արդեն իսկ հայտնի է, որ նրա մարմնի կողքին հայտնաբերվել է ավստրիական «Գլոկ» տեսակի ատրճանակ, ու, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, նաև կոնյակի դատարկ շիշ։ 

Կուտոյանի հետ կապված ողբերգությունը ԱԱԾ նախկին պետերի մասով, ցավոք, միակը չէ։ Այսպես, 1993 թ-ին Երևանում սպանվեց խորհրդային տարիների Պետական անվտանգության կոմիտեի Հայաստանի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մարիուս Յուզբաշյանը։ Վերջինս պաշտոնավարել էր 1977-ից 1988  թթ-ն և հեռացել ԽՍՀՄ փլուզումից գրեթե երեք տարի առաջ։ Թե ինչու և ովքեր սպանեցին Մարիուս Յուզբաշյանին՝ մինչև հիմա պաշտոնապես բացահայտված չէ, սակայն այդ տարիներին երկում քաղաքական սպանությունների շարք էր՝ Երևանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանից մինչև Երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյան։ Հաշվի առնելով այդ տարիներին երկրում ներքաղաքական լարվածությունը, ինչպես նաև իշխանության ղեկին գտնվող ՀՀՇ-ի և ՀՅԴ-ի միջև կատաղի լարված պայքարը՝ վերջիններիս քաղաքական խոսափողները սկսեցին իրար մեղադրել Յուզբաշյանի սպանությունը կազմակերպելու մեջ՝ կապելով այն մեկ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի մերձավոր շրջապատի հետ, մեկ էլ Դաշնակցության հետ ուղղակի կապեր ունեցող «Դրո» ահաբեկչական խմբավորման հետ։ 

Ինչևէ, անցել է գրեթե երեք տասնամյակ, սակայն Մարիուս Յուզբաշյանի սպանություն կատարողներն ու պատվիրատուները անհայտ են հասարակության և իրավապահների համար։ 

2006-ի մայիսի 3-ին՝ տեղական ժամանակով 02:13-ի սահմաններում, Ադլերի օդանավակայանի մոտ Սեւ ծովն ընկավ «Արմավիայի» «Airbus A320-211» ինքնաթիռը , որն իրականացնում էր Երեւան-Սոչի չվերթը: Զոհվեցին անձնակազմի բոլոր 8 անդամներն ու 105 ուղեւորները:  Սա հայկական ավիացիայի պատմության մեջ ամենաողբերագական իրադարձությունն էր: Մահացող ուղևորների թվում էին նաև Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, պետանվտանգության կոմիտեի նախագահ Հուսիկ Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի որդին՝ Արամ Պետրոսյանը, ՀՀ քաղավիացիայի նախկին ղեկավար Վյաչեսլավ Յարալովը, քրեական հեղինակություն Բենիամին Խաչատրյանը (Բենո Ռոստովսկի):

Գեներալ-մայոր Հուսիկ Հարությունյանը Պետական անվտանգության կոմիտեի ղեկավար է եղել ԽՍՀՄ վերջին համարվող 1990  թ-ից մինչև 1992-ը։ Պաշտոնից դուրս գալու պատճառներից մեկն էլ այդ օրվա իշխանությունների հետ ունեցած տարաձայնություններն էին, որի արդյունքում ՀՀ պատմության մեջ առաջին ու դեռևս վերջին անգամ ԱԱԾ շենք էին ներխուժել ոչ այդ ծառայության հետ կապ ունեցող իշխանական ներկայացուցիչներ։

Բացի Հուսիկ Հարությունյանից, Մարիուս Յուզբաշյանից և Գեորգի Կուտոյանից ԱԱԾ պետեր են եղել Դավիթ Շահնազարյանը, միացյալ ՆԳՆ-ԱԱԾ նախարար՝ Սերժ Սարգսյանը, Կառլոս Պետրոսյանը, Գորիկ Հակոբյանը և Արթուր Վանեցյանը։ Այս պահին ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարն է Էդուարդ Մարտիրոսյանը։