Արմավիրի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

,

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 19-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման էին ենթարկել Երևանի բնակիչ, 70-ամյա մի տղամարդու։ Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել էր մարիխուանայի նմանվող զանգվածի երկու փաթեթ՝ 45 գրամից ավելի քաշով։ Նրա հայտնածով՝ փաթեթներում թմրամիջոց էր։ Դրանք ուղարկվել էին փորձաքննության։

Արմավիրի ոստիկանները հետախուզական միջոցառումները շարունակել էին։ Նրանց տեղեկություններով՝ 70-ամյա տղամարդուն թմրամիջոցն իրացրել էր Վարդանաշեն գյուղի 43-ամյա մի բնակիչ։ Տղամարդը վերցվել էր քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտ և շուտով հայտնաբերվեց, բերման ենթարկվեց բաժին ու ձերբակալվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարվեց նրա տանն ու օժանդակ շինություններում։ Հայտնաբերվեց 450 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Այն ևս ուղարկվեց փորձաքննության։

43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի որոշմամբ կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: