Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: ՀՀ կառավարության ղեկավարը հյուրընկալվել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Ողջունելով ՀՀ վարչապետին՝ տիկին Զուրաբիշվիլին բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները և նշել, որ այսօրվա հանդիպումներում քննարկված հարցերն ու նախաձեռնությունները նոր խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում տիկին Զուրաբիշվիլիին հանդիպելու և երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման ու զարգացման հեռանկարները քննարկելու հնարավորության համար: 

«Հաճելի է հերթական անգամ հանդիպել Ձեզ: Կարող եմ արձանագրել, որ մեր առաջին հանդիպումից ի վեր հայ-վրացական հարաբերությունները դրական զարգացում ունեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այցի ընթացքում կուրվագծվեն միջպետական համագործակցության զարգացման նոր հնարավորություններ:

Նիկոլ Փաշինյանը և Սալոմե Զուրաբիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Այնուհետև քննարկումները շարունակվել են պաշտոնական ճաշի շրջանակում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս