Որևէ մեկին «ասֆալտին պառկեցնել»-ը կարող է արվել օրենքով սահմանված կարգով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

հայկ

Չգիտեմ, թե ով է Արա Վարդանյանի կողմից ներկայացված «իքս» մարդը և ինչ է աշխատում, կամ ինչ պաշտոն է զբաղեցնում, կարող եմ միայն ասել, որ ոստիկանությունը հանրությանը վտանգ ներկայացնող կամ քրեական գործով անցնող որևէ մեկին «ասֆալտին պառկեցնելու» համար միջնորդելու կարիք չունի և կարող է դա անել օրենքով սահմանված կարգով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Նա անդրադարձել է քաղաքագետ Արա Վարդայանի ֆեյսբուքյան էջում կատարած գրառմանը, որով վերջինս հայտնել էր՝ թե իրեն գործարք են առաջարկել, թե «կփռեն ասֆալտին», կնկարահանեն․ «Չեմ կարծում՝ ոստիկանության կողմից նման գործարք ներկայացվի»:

Դիտարկմանը, որ նման գործողությունները հանրությանը «կերակրող» շոու են, պատգամավորն արձագանքել է. «Այդպես ասում են նախկին իշխանությունների կողմից հովանավորվող մի քանի նախկին «քաղաքական գործիչներ» և որոշ լրատվականներ, որոնց կարծիքը ես չեմ կիսում»:

Պատգամավորը խոսել է նաև «Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի Արամ Վարդանյանի տանը կատարված խուզարկությանը․ «Խուզարկության ընթացքին չեմ հետևել, որևէ տեղեկություն չեմ կարող հայտնել, միայն կարող եմ ասել, որ ուժային կառույցները գործում են օրենքի սահմաններում, և ՀՀ-ում որևէ մեկը չի կարող հետապնդվել՝ առանց օրենքի տառը պահելու»։

Հարցին՝ ինչպես է վերաբերվում իրավապահ մարմինների դռները ջարդելուն՝ Սարգսյանը պատասխանեց․ «Խուզարկության ձևը որոշում է ուժային կառույցը, կախված գործի առանձնահատկություններից՝ ընտրվում է մեթոդը»:

Լրագրողների այն նկատառմանը, որ ոստիկանները հարցերին չեն պատասխանել, Սարգսյանը մեկնաբանել է, որ բացատրություն տալու կամ թղթեր ներկայացնելու իրավունք օպերատիվ ծառայություն իրականացնող ոչ բոլոր անձինք ունեն։  Նշվել է նաև, որ դատարանի որոշումը չի ներկայացրել փաստաբաններին, ինչին ի պատասխան պատգամավորը ասել է՝ համոզված չէ, որ չեն ներկայացրել:
 

Հայկ Սարգսյանն անդրադարձել է նաև այն դիտարկմանը, որ Հայաստանում իրավապահ մարմինները այլ կերպ են աշխատում․ «Հասարակության կողմից որևէ բողոք գոյություն չունի: Դա մի քանի լրատվական կայքեր են փորձում ստեղծել, ինքս շփվում եմ հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ, որևէ բողոք գոյություն չունի»:
 

Հարցին՝ հասարակությունը գո՞հ է կառավարության աշխատանքից, Սարգսյանն արձագանքեց՝․ «Իհարկե, լինում են բողոքներ՝ կապված որոշ գերատեսչությունների աշխատանքների հետ, որոնք շատ արագ լուծվում են նաև մեր և գերատեսչությունների ղեկավարների միջնորդությամբ: Բոլոր բարձրացվող հարցերը լսելի են, ընդունելի են, և դրանց լուծումները շատ արագ տրվում են»,-ասաց նա:

Լրագրողները հարց ուղղեցին նաև այն  մասին, որ եթե վարչապետը դժգոհ է կադրերից, ինչո՞ւ են վերջիններս այդքան բարձր պարգևատրումներ ստանում: «Կադրային քաղաքականությունն անընդհատ պրոցես է, և կադրերի վերաբաշխումը, նոր կադրերի նշանակումը կամ որոշ կադրերի հեռացումը լինելու է մշտական, բնականոն ընթացք է: Բնական է, որ վարչապետը կառավարության աշխատակիցների մի մասից դժգոհ լինի և նրանց ժամանակի ընթացքում փոխարինի այլ աշխատակիցներով»,-ասաց նա:

Հարցին՝ վարչապետը նաև պետական դավաճանների մասին է հայտարարել, նրանք այժմ և՞ս կան, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, որոշ գերատեսչություններում դեռ կան: Հեռացնելը ժամանակի հարց է: Բոլոր դավաճանները կհեռացվեն: Մենք մեր դավաճաններին չենք «վառում»»: