7 ցմահ դատապարտյալ բանտային ռեժիմի փոփոխության դիմում է ներկայացրել․ ՀԺ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

ցմահբանտարկյալներ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի 7 ցմահ դատապարտյալ, այդ թվում՝ Մհեր Ենոքյանը, բանտային ռեժիմի փոփոխության դիմում է ներկայացրել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողով:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը՝ հավելելով, որ 2020 թվականի փետրվարի 21-ին ՔԿՀ-ում կայացած Տեղաբաշխման հանձնաժողովի արտագնա նիստի ընթացքում լսվել է այդ 7 անձանց ռեժիմային փոփոխության հարցը. «6 անձի վերաբերյալ քննարկվել է կիսափակից կիսաբացի, իսկ 1 անձի՝ Մհեր Ենոքյանի վերաբերյալ՝ փակից կիսափակ ռեժիմ տեղափոխելու հարցը»:

Հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են Արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ոլորտային մասնագետները, նշված 7 անձանցից ոևւէ մեկի վերաբերյալ որևէ որոշում դեռևս չի կայացրել:

Նշենք, որ փակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև 4 մարդու համար նախատեսված մեկուսացված խցում, իսկ զբոսանքի տևողությունը չի կարող պակաս լինել օրական 1 ժամից, իսկ կիսափակ ուղղիչ հիմնարկում պահվում է մինչև 6 մարդու համար նախատեսված մեկուսացված խցում և իրավունք է ստանում տեղաշարժվելու առնվազն 3 ժամ տևողությամբ ցերեկային որոշակի ժամերին՝ ուղղիչ հիմնարկի` այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում։ Ե՛վ փակ, և՛ կիսափակ ուղղիչ հիմնարկում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցություն: Նշված սահմանափակումը վերանում է, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի` ՀՀ քրեական օրենսգրքով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելու համար սահմանված ժամկետը. «Այսինքն՝ փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկները գրեթե նույնական են և իրարից տարբերվում են մեկ խցում պահվող անձանց թվով և զբոսանքի համար նախատեսված ժամաքանակով»,- ընդգծեց Լուսինե Մարտիրոսյանը:

Ըստ Արդարադատության նախարարության տվյալների՝ 2019 թվականի ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտված 11 անձի ուղղիչ հիմնարկի տեսակը փոխվել է՝ փակից դառնալով կիսափակ, իսկ 3 անձի դեպքում՝ կիսափակից կիսաբաց: 2020 թվականին էլ ցմահ ազատազրկման դատապարտված 2 անձ տեղափոխվել է կիսափակ ուղղիչ հիմնարկ: Մեր զրույցում նախարարության մամուլի քարտուղարը շեշտեց, որ Տեղաբաշխման հանձնաժողովը ցանկացած դեպքում որոշումը կայացնում է՝ հիմք ընդունելով դատապարտյալի՝ պատժի կրման ընթացքում դրսևորած վարքագիծը. «Ընդ որում՝ դատապարտյալի բնութագրում ներառված հանգամանքները գնահատվում են իրենց համակցության մեջ, որևէ հանգամանք առանձին վերցված գնահատվել չի կարող: Հատկանշական է, որ 2019 և 2020 թվականներին կատարված ռեժիմային բոլոր փոփոխությունների մասին որոշումները Տեղաբաշխման հանձնաժողովի անդամների կողմից ընդունվել են միաձայն»,- հավելեց Մարտիրոսյանը:

Հիշեցնենք՝ Մհեր Ենոքյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 1996 թվականի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար: