«Բավրայի» գործով կալանավորված հերթափոխի պետն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

հասարակական

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է «Բավրայի» գործով մաքսակետի հերթափոխի պետի՝ Դ. Հակոբջանյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Հակոբջանյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։

Պաշտպանի խոսքով՝ դատարանի որոշումը սպասելի էր, քանի որ պարբերաբար բարձրաձայնել են մի շարք խախտումների մասին։

«Բավրայի» մաքսակետի գործը մեծ աղմուկ ստացավ կառավարության նիստում վարչապետի հնչեցրած հայտարարություններից հետո։

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին՝ կառավարության նիստում վարչապետը հայտարարել էր, թե Բավրայի մաքսակետում «անցած գիշեր բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ», ինչից որոշ ժամանակ անց ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, թե ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը եւ մաքսային 2 տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1.436.610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության եւ ձեւակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ փետրվարի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հ․Մանուկյանի, մերժել էր հերթափոխի պետին կալանավորելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը, սակայն ԱԱԾ քննչականը շարունակել էր նրան արգելանքի տակ պահել` անգամ ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո: Քննիչը նոր միջնորդություն էր ներկայացրել կալանավորելու՝ առանց մեղադրանքի ծավալ փոխելու, ինչը մակագրվել էր դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Երկրորդ միջնորդությունն արդեն բավարարվել էր։