Արցախի ՄԻՊ-ը այցելել է քաղաքական կոչերի համար վարչական ձերբակալման ենթարկվածներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Արտակ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այցելել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն, որտեղ քաղաքական բնույթի կոչերի համար վարչական ձերբակալման էին ենթարկվել 13 քաղաքացիներ, որոնք փակել էին Վազգեն Սարգսյան փողոցը:

«Քիչ առաջ դուրս եկա ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունից, որտեղ վարչական ձերբակալման էին ենթարկվել 13 քաղաքացիներ, որոնք փակել էին Վազգեն Սարգսյան փողոցը՝ քաղաքական բնույթի կոչերի զուգորդմամբ:

Զրույցներ եմ ունեցել վարչական ձերբակալման ենթարկված անձանց և ոստիկանության ծառայողների հետ, ճշտել եմ ազատազրկելու հիմքերը, ստուգել իրականացվող վարույթների ընթացքը և ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության ապահովման հետ կապված այլ ընթացակարգեր ու պայմաններ: Երեք ժամվա ընթացքում վարչական ձերբակալման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել:

Ավելի ուշ հեռախոսազրույց եմ ունեցել առողջապահության նախարարի հետ, ով տեղեկացրել է, որ վարչական ձերբակալման ենթարկելու ընթացքում հիվանդանոց տեղափոխված քաղաքացին անցել է ռենտգենային հետազոտություն, և ոչ մի մեխանիկական վնասվածք չի արձանագրվել: Ըստ հետազոտող բժշկի՝ քաղաքացին գրավոր կերպով հրաժարվել է լրացուցիչ հետազոտություններից և լքել հիվանդանոցը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այժմ կատարում է մանրամասն ուսումնասիրություն մեզ հասանելի տեսանյութերի հիման վրա, որպեսզի ավելի հստակորեն պատկերացում կազմենք ոստիկանության կողմից կիրառված միջոցների ու մեթոդների մասին: Միջադեպի ու ոստիկանության միջամտության վերաբերյալ գնահատականները կհնչեցնեմ հավանաբար վաղը:

Լրացում.

Առողջապահության նախարարը նոր զանգահարեց ու տեղեկացրեց, որ հիվանդանոց տեղափոխված անձը վերադարձել է և ենթարկվել համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության: Մանրամասները՝ վաղը»,- գրել է Բեգլարյանը:

Ավելի վաղ գրել էինք, որ Ստեփանակերտում ճանապարհը փակելու համար բերման է ենթարկվել 13 քաղաքացի: