Վարակված պատգամավորները պատմում են կորոնավիրուսային ախտանիշների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News 

Թուլություն, ջերմություն, համի և հոտի զգացողության կորուստ․ կորոնավիրուսային այսպիսի սիմպտոմների մասին վերջին շրջանում խոսվում է հենց խորհրդարանի պատգամավորների կողմից։ Ազգային ժողովում տեղի ունեցած վերջին նիստերն անցկացվել են մեկ տասնյակից ավելի պատգամավորների բացակայությամբ։

Կորոնավիրուսով վարակված պատգամավորներ կան ինչպես իշխող «Իմ քայլը» խմբակցության, այնպես էլ «Բարգավաճ Հայաստան»-ի կազմում։ Նրանց մի մասը հանրությանը տեղեկացրել է վարակված լինելու մասին, մյուսը մասը նախընտրում է պարզապես չխոսել այդ թեմայով։

24News-ի հետ զրույցում պատգամավորները պատմել են իրենց առողջական վիճակի, սիմպտոմների և բուժման ընթացքի մասին։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը պատմեց, որ մկանային ցավեր և ջերմություն է ունեցել հիվանդության առաջին օրերին։ Վարակվել է նաև դուստրը, ներկայումս երկուսն էլ լավ են զգում իրենց։ Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Հայկ Գևորգյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ առաջին օրերին է ջերմություն ունեցել, սակայն ներկայումս իրեն լավ է զգում։ 

Թե ինչպես են վարակվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, ինչ է փոխել կորոնավիրուսը նրանց առօրյայում, մեզ հետ զրույցում պատմել են վարակակիր պատգամավորներից Արման Աբովյանը և Կարինե Պողոսյանը։ 

Խորհրդարանի «Լուսավոր Հայաստան»  խմբակցությունը միակն է, որ վարակակիր պատգամավոր չունի։ Թե ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկում չվարակվելու համար, 24News-ին պատմել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը․ 

«Թու-թու-թու վարակակիր չունենք, առաջին օրվանից վիտամին D, C բոլորը խմում են գրեթե, դիմակ ենք կրում, ախտահանում ենք ձեռքերը, սոցիալական հեռավորություն ենք պահպանում», - նշել է Մարուքյանը։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ