Իրանից ժամանած հայ քաղաքացին մարմնից դուրս է հանել 52 գրամ «ափիոն»․ ՊԵԿ բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ու ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, «Ագարակ» սահմանային անցակետի մաքսային գոտում Իրանից ժամանած ՀՀ քաղաքացիներ Ա.Մ-ի և Ա.Կ-ի նկատմամբ իրականացրել են հսկողություն, ինչի արդյունքում վերջինս իր մարմնից դուրս է հանել 52 գրամ «ափիոն» տեսակի թմրանյութ: ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Մեկ այլ դեպքով էլ՝ Մաքսանենգության դեմ պայքարի և Արևմտյան մաքսատուն-վարչությունների աշխատակիցների համատեղ իրականացված հսկողության արդյունքում, ՀՀ քաղաքացի Ս.Պ.-ի անվամբ ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված փոստային ծանրոցում առկա շամպունի տարայից հայտնաբերվել է փաթեթավորված 37 գրամ «մարիխուանա» տեսակի թմրանյութ:

Դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Փոստային առաքանու իրական հասցեատիրոջը հայտնաբերելու նպատակով Ոստիկանության ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Նոր Նորքի  1-ին զանգվածից Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Զ.Հ-ն: ՊԵԿ քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն: