«PRESS» տարբերանշան է ունեցել հրետակոծության տակ հայտնված լրագրողական մեքենան․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մասնագիտական աշխատանք իրականացնող լրագրողներին հրետակոծելը։

Ըստ այս պահի հրապարակված տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ֆրանսիական «Le Monde» պարբերականի 2 լրագրող, «24News․am»-ի լրագրողը եւ «ArmeniaTV»-ի օպերատորը վիրավորում են ստացել, իսկ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հայտնվել են թիրախային կրակի տակ։ Ավելին, ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաեւ Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան, որի հետեւանքով լրագրողներ են ծանր վիրավորում ստացել։ Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում:

Լրագրողական խումբը եղել է հատուկ արտահագուստով, լրագրողական տարբերանշանով: «PRESS» տարբերանշան է ունեցել նաեւ հրետակոծության տակ հայտնված լրագրողական մեքենան:

Այս ամենն ակնհայտորեն վկայում է տարբերակում չդնող (indiscriminate), քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման մասին: Լրագրողների դեպքում դա առավել եւս դատապարտելի է. նրանք գտնվում են հատուկ պաշտպանության ներքո: Լրագրողական աշխատանքը պատերազմական կամ զինված հարձակումների ժամանակ հատուկ կարեւորություն է ստանում՝ լինելով երաշխիք ոչ միայն աշխարհին իրական վիճակի մասին տեղեկություններ փոխանցելու, այլ նաեւ քաղաքացիական անձանց պաշտպանության հարցերում:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս