Զոհված ռուս զինվորը մահից մեկ օր առաջ զանգել է տատին ու խնդրել՝ ձին չծախել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

հասարակական

Արցախում Հադրութը հերոսաբար պաշտպանելիս զոհված ռուս զինվոր Ալեքսանդր Նեչաևը Մոլոկանների Լերմոնտովո գյուղից էր։ Հունվարի 3-ին նա կդառնար 20 տարեկան։ Նաչաևն ապրում էր տատի հետ, մայրը վերջին 15 տարիներին Ռուսաստանում է եղել, իսկ հայր չի ունեցել։

«Նաչաևին պահում էր տատը՝ իր մոր մայրը։ Նա շատ լավ տղա էր, հայերեն լավ սովորել էր, հանգիստ շփվում էր հայերեն, շատ աշխատասեր էր։ Ոսկի տղա էր, լերմոնտովցիները շատ դարդ արեցին նրա մահի համար»,-այս մասին 24news-ին հայտնեց  Լերմոնտովո համայնքի ղեկավար Էդիկ Չախալյանը։

Նա նշեց, որ Ալեքսանդր Նեչաևին հուղարկավորել են համաձայն մոլոկանների ավանդույթների, ապա ավելացրեց, որ տղայի մայրը չի մասնակցել նրա հուղարկավորությանը․ «Մեզ տեղեկացրին, որ հագուստը և մնացած ամեն բան անվճար տրամադրում են, բայց մոլոկաններն ասացին, որ իրենց ավանդույթներով են ուզում թաղել, այսինքն` շորերը պետք է փոխեն, զինվորական չպետք է լինի։ Հուղարկավորությանը մայրը չեկավ, բայց մորաքույրը Ռուսաստանից եկել էր»։

Համայնքի ղեկավարը պատմեց, որ տղան տատին «մամա» էր ասում, մահվանից մեկ օր առաջ էլ զանգել է, խնդրել, որ հանկարծ ձին չվաճառի։

«Ասել է՝ ձին չծախես ես կգամ տիրություն կանեմ, հիմա տղերքը խոտը կբերեն քեզ կօգնեն։ Եթե դժվար ա վիճակդ, կովը ծախի»,-ասաց Էդիկ Չախալյանը։

Անդրադառնալով տատի առողջական վիճակին, համայնքի ղեկավարը հայտնեց, որ նա սրտային խնդիրներ ունի, հիմա աղջիկը համոզում է, որ տանի Մոսկվա, սակայն տատն ասում է՝ տղայի քառասունքից հետո կորոշի։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին «WarGonzo» տելեգրամյան ալիքը տեղեկացրել էր, որ Արցախում զոհվել է 19-ամյա ռուս զինվոր Ալեքսանդր Վասիլիևիչ Նեչաևը: Բայց նա ոչ թե «Վագներ» ՄՌԸ-ի (Մասնավոր ռազմական ընկերություն) մարտիկ կամ ինչ-որ առասպելական պսկովյան դեսանտային զինվոր էր, այլ Լերմոնտովո (որը Հայաստանում է) մոլոկանների գյուղից շարքային ռուս տղա էր, ով ժամկետային ծառայություն էր անցնում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս