ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ Միքայել Համբարձումյանը հանդես է եկել հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Միքայել Համբարձումյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ Միքայել Համբարձումյանը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով իր պաշտոնանկությանը: 

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Դեռեւս ս/թ հոկտեմբերի 28-ին իմ կողմից որոշում է կայացվել և իմ իսկ նախաձեռնությամբ դիմել եմ ՀՀ վարչապետին՝ ինձ աշխատանքից ազատելու խնդրանքով, որին, սակայն, այդ պահին ընթացք չի տրվել:

Այսօր ՀՀ վարչապետը, շնորհակալություն հայտնելով ծանր ու դժվարին այս իրավիճակում մեր համատեղ կատարած աշխատանքի համար, ինձ առաջարկել է շարունակել ծառայությունս տնօրենի տեղեկալի՝ իմ նախկին պաշտոնում, որին չեմ համաձայնել՝ միեւնույն ժամանակ պնդելով աշխատանքից ազատվելու իմ խնդրանքը, որը բավարարվել է:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու հնարավոր շահարկումները՝ մանրամասներ չեմ ներկայացնելու, որոնց գուցե, ըստ անհրաժեշտության, անդրադառնամ ռազմական գործողությունների ավարտից հետո:

Միաժամանակ իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ և Արցախի ազգային անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցներին՝ հատկապես այս օրերին կատարած անձնվեր աշխատանքի համար»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ԱԱԾ տնօրենի ԺՊ Միքայել Համբարձումյանին պաշտոնից ազատելու առաջարկությամբ: ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվել Արմեն Աբազյանը:

--00--ԱԹ