Ժառանգությունը, ՀԴԿ-ն առաջարկում են նախագահին մանդատ տալ արտաքին դիվանագիտական ասպարեզում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

նախագահ

«Ժառանգություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները հայտարարություն են տարածել.

«Հայաստանի Հանրապետության և Արցախի  համար ճակատագրորոշ այս օրերում, երբ  մեզ պարտադրված անձնատվության բեռի տակ հայոց երկու պետականությունների ինքնիշխանության և կենսունակության ապագան է վտանգված, «Ժառանգություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները, հավատարիմ իրենց սկզբունքներին՝ ողջունում են ՀՀ նախագահի նոյեմբերի 16-ի ուղերձում ձևակերպված քայլաշարը, որը թույլ կտա բարդագույն այս պահին նայել անողոք ճշմարտության  երեսին, անաչառ գնահատել կատարվածը, ոչ թե ձևացնել, խաբել ու խաբվել, ամենակարևորը՝ անցյալից  դասեր քաղելով՝ գործել և  վերականգնել  պատերազմից ավերված և կորուստներ կրած Հայաստանն  ու Արցախը:

Իրատեսորեն գնահատելով պահի հրամայականը և հանձնառու հայոց պետականության պահպանման և ամրապնդման պատասխանատվությամբ՝ «Ժառանգությունը»  և ՀԴԿ-ն արձանագրում են՝ ՀՀ սահմանադրական կարգի ընթացակարգով ՀՀ նախագահին պետք է մանդատ տալ գործելու արտաքին դիվանագիտական և ներքին քաղաքական ասպարեզներում, ձևավորել մասնագիտական որակավորում, ճգնաժամային կառավարման  կարողություն, պետականության հանդեպ բարձր պատասխանատվություն ունեցող ժամանակավոր կառավարություն, որը հնարավորինս սեղմ ժամկետում կնախապատրաստի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Պաշտպանում և աջակցում ենք ՀՀ նախագահի առաջարկած հանգուցալուծումները, որոնց հետևանքով ՀՀ նախագահը կդառնա սահմանադրական բարեփոխումների երաշխավորը, որովհետև գործող սահմանադրության պատճառով է նաև այս  համակարգային ճգնաժամը: Հայոց պետականությունը փրկության կարիք ունի»,-նշվում է հայտարարությունում:

--00—ԼՄ