ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News
Կառավարության՝ դեկտեմբերի 6-ի նիստում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում փոփոխություններ կատարելուն։
Առաջարկվող փոփոխության համաձայն՝ եթե ամրագրվում է, որ կառավարությունը ձևավորվում է քաղաքական մեծամասնության կազմից, ապա կառավարության ենթադրյալ անդամները պետք է ընդգրկվեն տվյալ կուսակցության նախընտրական ցուցակում, ընդ որում՝ ցուցակի անցողիկ մասում, և ստանձնեն ամենաակտիվ մասնակցային դերակատարումը նախընտրական մրցապայքարում։ Այսինքն՝ այդ թեկնածուները կուսակցության անունից հանրության առաջ անձամբ կստանձնեն իրենց վերապահված ոլորտում ընտրողների սպասելիքները՝ կրելով քաղաքական պատասխանատվություն: Նման համակարգի պարագայում կառավարությունը դառնում է դե ֆակտո ընտրված, քանի որ ընտրողներն իրենց քվեն, տվյալ կուսակցությանը տալով, միաժամանակ իրենց վստահությունն են հայտնում հաղթանակի դեպքում այդ կուսակցության ձևավորած կառավարությանը:
Կառավարությունը, սակայն, բացասական եզրակացություն տվեց Խոսրով Հարությունյանի ներկայացրած նախագծին։
«Եթե սահմանադիրը նպատակահարմար գտներ, այդպիսի հնարավորություն կտար, կամ այդպիսի կարգավորում կտար, որ կառավարության անդամները նշանակվեին իրենց ցուցակներից։ Կարծում ենք՝ իրավակարգավորումները պետք է թողնենք այնպիսին, ինչպիսն, որ կան», - ասել է Զեյնալյանը։
ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հավելել է․
«Ցակացած պարագայում 3 օրից ընտրվելիք խորհրդարանը անպայման պետք է անդրադառնա ընտրական օրենսգրքին շատ ավելի լայն սպեկտրով, ավելի ֆունդամենտալ փոփոխությունների գնա։ Այս պահին իմաստ չունի»,-ասել է Միրզոյանը։