Դատարանը դադարեցրեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

1

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի ղեկավար Կարեն Հեքիմյանի հայցադիմումը և անվավեր ճանաչել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի թիվ 43 որոշումը, դադարեցրել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները: Որոշման մասին Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դեկտեմբերի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումս բավարարեց և դադարեցրեց ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ Գևորգյան Գեղամի լիազորությունները (հիմքը՝ միաժամանակ ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ և Էվոկաբանկում խորհրդի նախագահի տեղակալ աշխատելու անթույլատրելիությունն է): Այսօր մամուլից տեղեկացա, որ վերջինս պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը: Ճիշտն ասած, զարմացա: Ի՞նչն է ցանկանում բողոքարկել Գևորգյան Գեղամը: Այն, որ նա Էվոկաբանկու՞մ է աշխատում, թե՞ չի աշխատում: Այն, որ նա ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ է՞ աշխատում, թե՞ չի աշխատում: Իսկ միգուցե այն, որ նա Գևորգյան Գեղամը չի՞, կամ մեկ ա՞յլ Գևորգյան Գեղամն է: Չէ, ես դեմ չեմ, որ յուրաքանչյուր ոք կարող է ամեն ինչ բողոքարկել:

Սակայն, ես կողմ եմ նաև տրամաբանությանն ու ողջամտությանը: Անհերքելի է, որ Գևորգյան Գեղամն աշխատում է Էվոկաբանկում (ըստ օդում կախված լուրերի՝ ստանում է շուրջ 5-6 հազար դոլար աշխատավարձ, չհաշված պարգևատրումները): Անհերքելի է, որ Գևորգյան Գեղամը բազմիցս հայտարարել է, որ չի հավակնում ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնին: Անհերքելի է, որ Գևորգյան Գեղամը լինելով ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (այդ կոչմանը համապատասխան ևս լուրջ գումար է ստանում), կարող է (միգուցե պարտավոր է) զբաղվել նաև գիտությամբ: Համադրելով անհերքելի փաստերը, հանգում եմ այն եզրակացության, որ անսահման է մարդկային անտրամաբանությունը և ողջամտության պակասը:

Ի դեպ, Գևորգյան Գեղամը մաթեմատիկոս է»:

--00—ԼՄ