2021թ. աշնանը հնարավոր կլինի գործարկել 250 ՄՎտ հզորության էլեկտրակայանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News
 

Ռենկո

Հունվարի 18-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Կողմերը քննարկել են 2019թ. նոյեմբերի 13-ին ստորագրված համաձայնագրի կատարման ընթացքը, որով նախատեսվում էր Երևան քաղաքում կառուցել 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան:

Ջովաննի Ռուբինին ներկայացրել է իրականացվող աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ, թեև «Covid-19» համավարակով պայմանավորված սահմանված ժամանակացույցում որոշակի ուշացումներ կան, ներկայիս տեմպերը խիստ հուսադրող են և 2021թ. աշնանն արդեն հնարավոր կլինի ամբողջ ծավալով գործարկել էլեկտրակայանը: «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը երախտագիտություն է հայտնել կառավարության ցուցաբերած աջակցության համար:

Տիգրան Ավինյանն էլեկտրակայանի կառուցումը որակել է որպես հաջողված ծրագիր, իսկ համավարակի պատճառով առաջացած խնդիրները՝ առկա հնարավորությունների սահմաններում լիովին լուծելի: Փոխվարչապետը հայտնել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ միաժամանակ իր գոհունակությունն արտահայտելով ընթացիկ աշխատանքների մասով:

Կողմերը պայմանավորվել են շարունակել ապագա ծրագրերի շուրջ քննարկումները, այդ թվում՝ նոր ներդրումների հնարավորությունների ու հեռանկարների, ինչպես նաև իտալացի գործարարների մեծ խմբի՝ Հայաստան այցի մասով:

--00--ԱԹ