Օնիկ Գասպարյանը հրաժարական չի տա, սա վերջն է․ իշխանությունը չի հասկանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը առավոտյան այցելել է Բաղրամյան պողոտա, որտեղ ցուցարարները վրաններ են դրել և փակել ԱԺ-ի դիմաց երթևեկությունը։

Վազգեն Մանուկյանը առավոտյան հարցազրույց է տվել և կարծիք հայտնել, որ իշխանությունն արդեն 90 տոկոսով ամեն ինչ կորցրել է, և որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի հենարան չունի, հետևաբար «ուզի-չուզի, պետք է գնա»։

Վազգեն Մանուկյանն անդրադարձել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հնարավոր հրաժարականին։

«Մամուլից և խոսակցություններից տեղեկացել եմ, որ փորձում են համոզել, որպեսզի շտաբի պետը հրաժարական տա։ Իրականում ինչ է եղել, ես չեմ իմանում, բայց հասկանալի է, որ ինքը հրաժարական չի տա։ Ի վերջո, զինվորական մարդ է, խելոք մարդ է, ինչի՞ պիտի տենց բան անի»,-ասել է նա, ապա պարզաբանել, թե ինչ է նշանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի՝ փետրվարի 25-ի հայտարարությունը։

«Ե՛վ Դուք , և՛ միգուցե Նիկոլը լավ չեք հասկանում, որ երբ բանակը ասում է՝ այս մարդը պետք է գնա․ դա վերջնական դատավճիռ է»,-ասել է Մանուկյանը։