Փաշինյանը գնում է Լենինի ճանապարհով. Взгляд

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 20,  24News

Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չեն սիրում շատերը՝ Ռուսաստանում, ատում է բնակիչների զգալի հատվածը՝ Հայաստանում: Այս մասին նշում է Взгляд-ի հոդվածագիրը` նշելով, որ ձևական առումով բոլոր այդ մարդիկ ուրախանալու առիթ ունեն: Փաշինյանին ամեն դեպքում ճնշել են, և նա համաձայնել է հունիսին անցկացնել արտահերթ ընտրություններ: Դրա համար Հայաստանում պետք է վերացնել ռազմական դրությունը: Սակայն վարչապետի հակառակորդների ուրախությունը կարող է վաղաժամ լինել:

Թվում է, թե Փաշինյանը ծանր պարտություն է կրել, նրա սուր հակասությունը Գլխավոր շտաբի հետ անորոշ վիճակում է, թեպետ իրերի միջանկյալ դրությունը զինվորականների օգտին է. դատարանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին թույլ է տվել շարունակել պարտականությունների կատարումը: 

Դրանից ժամեր անց Փաշինյանը հայտարարել է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին: Հայտարարությունը հաջորդեց անմիջապես ՀՀ վարչապետի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը: Ու թեպետ փողոցային ընդդիմությունը վերահսկում են բոլորովին այլ մարդիկ` նախկին նախագահներ, արցախցիներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Ծառուկյանը նույնպես վարչապետի համար «մահացու» թշնամիների շարքից է:

Խոշոր հաշվով Փաշինյանը կարող էր ոչ մի տեղ չգնալ և մնալ գործադիր իշխանության ղեկին մինչև 2023 թ.: Դա ձեռնտու չէր ոչ երկրի նախագահին, ոչ բանակին, ոչ ընդդիմությանը` խորհրդարանական կամ փողոցային, ոչ էլ բնակիչների մեծ մասին, թեպետ ամբողջությամբ համապատասխանում էր Հայաստանի օրենքներին ու իր ցանկությանը: 

Ռուսաստանն այս հակամարտությանը չի միջամտել, միայն հորդորել է, որ ամեն ինչ լինի ըստ օրենքի: 

Մյուս կողմից էլ համարվում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Կրեմլում մեծ համակրանքով են վերաբերվում, իսկ Փաշինյանին, հակառակը, չեն սիրում և չեն վստահում:

Այնուամենայնիվ, Փաշինյանը կարծես հեռանում է, կարելի է ասել՝ դավաճանելով ինքն իրեն, իր աջակիցներին, իր սեփական էությանը: Իսկ ինչու՞: Նրա համակիրները դա կբացատրեն նրանով, որ Փաշինյանն, իբրև ժողովրդավարական հեղափոխության առաջնորդ, չէր կարող իրեն թույլ տալ բռնապետություն սահմանել: Մյուսներն առարկելու են` ասելով, որ նա այլ ելք չուներ. ողջ երկիրն իրեն ատում էր:

Ըստ հոդվածագրի` Փաշինյանը նոր ընտրությունների համաձայնել է միայն այն պատճառով, որ հաղթելու, այսինքն՝ իշխանությունը պահպանելու ակնկալիքներ ունի: Իշխանության զավթման և պահպանման ընդհանուր ճանաչում ունեցող մասնագետը Վլադիմիր Լենինն է՝ շատերի կողմից ատելի քաղաքական գործիչ, բայց դրանից ոչ պակաս հանճարեղ:



Նրա «երեկ շուտ էր, վաղը ուշ կլինի» արտահայտությունն ասվել է բոլորովին այլ բանի մասին և տարբեր հանգամանքներում, բայց լիովին համապատասխանում է Փաշինյանի վիճակին:



Եթե նա պատերազմից անմիջապես հետո հայտարարեր նոր ընտրություններ, ընդառաջ գնար ընդդիմությանը և հեկեկացող (բառացիորեն հեկեկացող) փողոցին, ապա նրա կուսակցությունը շանսեր չէր ունենա: Պատասխանատվության ողջ բեռը և պարտության ողջ դառնությունը անխուսափելիորեն կդրվեր Փաշինյանի վրա: Սա հենց այդ «շուտ է»-ն է:



Եթե ընտրություններն անցկացվեին ավելի ուշ, օրինակ՝ հաջորդ տարի կամ նույնիսկ 2023-ին, ապա մարդիկ այդ ժամանակ ծայրահեղ վիճակում կլինեին կորոնավիրուսի ճգնաժամի և այլ տնտեսական խնդիրների պատճառով, իսկ ընդդիմությանը կհաջողվեր ամրապնդվել՝ կառուցվածքային և քաղաքական առումով: Դա նշանակում է «ուշ է»:



Իսկ հիմա՝ ճիշտ ժամանակն է: Կանգուն մնալով հետպատերազմյան, ճգնաժամային օրերին՝ Փաշինյանը մի քանի ամիս ժամանակ է շահել, որի ընթացքում բաշխել է Ղարաբաղյան ողբերգության պատասխանատվությունը:



Սկզբունքորեն կարևոր է նաև այն, որ ընտրություններն անցկացվելու են ըստ Փաշինյանի կուսակցության համար ձեռնտու համամասնական համակարգի (ընդդիմությունը պնդում է ռեյտինգայինը): Բացի այդ, Փաշինյանը կմնա վարչապետ մինչև գարնան վերջ, ինչը նույնպես կարևոր է ընտրություններին նախապատրաստվելու համատեքստում և ժամանակ է տալիս առավելագույնի հասցնել վարչական ռեսուրսի օգտագործումը:

--00--ԱԹ