Սաշիկ Սագրսյանի՝ Ֆրանկլին Գոնսալես անունով որդին կկանգնի դատարանի առաջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, դատարանի առաջ կկանգնի։ Այդ մասին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Բոլոր հանգամանքներն ի հայտ են եկել, փորձաքննության են ուղարկվել հայտնաբերված գծանկարները, դրանք Սարյանի վրձնին են պատկանում։ Նարեկ Սարգսյանի էքստրադիցիայի հարցը առաջիկայում կլուծվի, և նա կկանգնի դատարանի առաջ»,- ասել է նա։

Թե ինչպես է Սաշիկ Սարգսյանի որդին Գվատեմալայի քաղաքացի դարձել՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ, Վանեցյանը տեղյակ չէ։ Ինչ վերաբերում է Նարեկ Սարգսյանի հորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, ԱԱԾ տնօրենը նշեց, որ նրա նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանում ԱԱԾ-ի կողմից կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել էին առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։ Նա անցնում է նաև այլ գործով. չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: