Երեսունիննամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

հասարակական

ՀՀ ոստիկանության Զեյթունի բաժնում ապրիլի 11-ի ժամը 17:05-ին,քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ կինն ինքնասպան է եղել՝ կրակելով ինքն իրեն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի  շենքերից մեկի բնակարանի պատշգամբում՝ բազմոցին, հայտնաբերվել է նույն բնակարանի՝ 1981թ. ծնված բնակչուհու դին՝ կրծքավանդակի ձախ կեսի հրազենային միջանցիկ վնասվածքով։

Ըստ աղբյուրի՝ դիակի կողքին հայտնաբերվել է նրա հորը որպես պարգև տրված «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 7 փամփուշտով, մեկ կրակված պարկուճ ու մեկ գնդակ։

Դեպքի վայրից վերցվել է հրազենը, փամփուշտները, կրակված պարկուճը և գնդակը, դիակի ձեռքերից վերցվել են կրակոցի արգասիքներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական-ձգաբանական համալիր փորձաքննություններ։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110- րդ հոդվածի 1- ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է։  

--0--ԿԿ