Վստահ եղեք՝ Սիմոն Մարտիրոսյանը դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս. Փաստաբան

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 17,  24News

Սիմոն Մարտիրոսյան

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը հասարակության շրջանում հուսահատ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել, շատերը նույնիսկ մտահոգություն են հայտնում առաջիկա օլիմպիական ոսկին կորցնելու հավանականության մասին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարտիրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ նրան համապատասխան դատավարական կարգավիճակ տալը բխում է քրեական գործով օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն ապահովելու օրենսդրական պահանջից, ուստի խնդրում եմ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը չնույնացնել մեղադրական դատավճռի հետ։

Վստահ եղեք՝ Սիմոն Մարտիրոսյանը դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս, իսկ մնացածի մասին կխոսենք հետագայում՝ ինչպես խոստացել ենք», - նշել է Ասլանյանը։

Հիշեցնենք՝ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել,  խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ծանրամարտիկը «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։ 

Մարտիրոսյանը փախուստի չէր դիմել, զանգահարել էր ոստիկանություն, շտապօգնություն, ապա օգնել, որ վրաերթի ենթարկվածին տեղափոխեն հիվանդանոց:

--00—ՄՀ