Ամենօրյա աշխատանքով պետք է բացառենք 1915-ի ոճրագործության կրկնությունը․ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

նկար

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը գրառում է արել Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։

«Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ. աշխարհասփյուռ հայությունն այսօր ոգեկոչում է Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցը:

20-րդ դարի մեծագույն ոճրագործության՝ 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակն այսօր էլ վառ է մեր սրտերում և մենք աղոթում ենք նրանց հոգիների հանգստության համար: Հայոց Մեծ Եղեռնից 106 տարի անց համայն հայությունը դեռ սպասում է պատմական արդարության վերականգնմանը, քանզի Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ և ժխտողական քաղաքականությունը որդեգրած Թուրքիան պետք է պատասխան տա:

Հայոց Մեծ Ցեղասպանությունը պետք է ընդունի նաև ամբողջ աշխարհը, քանի որ անպատժելիությունը դառնում է մարդկության դեմ նոր ոճրագործությունների և նոր հանցագործությունների պատճառ, և մեր ամենօրյա աշխատանքով մենք պետք է բացառենք 1915 թվականի ոճրագործության կրկնությունը:

Իմ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում բոլոր այն երկրներին, կազմակերպություններին և անհատներին, որոնք միացել են հայկական պահանջատիրության համընդհանուր ջանքերին և ճանաչել են Ցեղասպանությունը: Յուրաքանչյուր հայի պարտքն է մշտապես վառ պահել մեր անմեղ նահատակների հիշատակն ու միասնական ջանքերով հասնել պատմական արդարության վերականգնմանը:

Մեր խոնարհումը 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»,-գրել է Ծառուկյանը։ 

--00—ԼՄ