Ցեղասպանությունն ավարտված չէ, քանի դեռ ճանաչված չէ իրականացնողի կողմից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News 

Իտալիա

Իտալիայում և Սուրբ Աթոռում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման և հիշատակի արարողություններ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանն ամփոփել է անցկացված միջոցառումները:

«Հռոմի Ս․Բարդուղիմեոս եկեղեցում տեղի ունեցավ աղոթք Հայոց ցեղասպանության նահատակների հետ՝ Հայ առաքելական Ս. եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանի նախագահությամբ։ Հարկ է նշել, որ Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին հատուկ նշանակություն ունի հայության համար. առաջին հերթին այն կոչվում է Սուրբ Բարդուղիմեոսի անունով, որը, Սուրբ Թադևոսի հետ միասին հանդիսանում է Հայոց եկեղեցու հիմնադիրը։ Այստեղ, ի շարս 20-րդ դարի քրիստոնյա նահատակների, պահպանվում են նաև Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների մասունքները, որոնք բերվել էին Սիրիայի Դեր-Զոր անապատից, ինչպես նաև Մարդինի հայ արքեպիսկոպոս Երանելի Իգնատիոս Մալոյեանի ձեռագիր նամակը։ Պետք է նշել, որ ժամանակին այդ հինավուրց տաճարի ծիրանավորն է եղել նաև ազգությամբ հայ Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաճանեանը»,- նշել է դեսպանը:

Միջոցառմանը մասնակցել են Քրիստոնյա միասնության խթանման քահանայապետական խորհրդի նախագահ կարդ. Կուրտ Կոխը, Արևելյան եկեղեցիների միաբանության կառավարիչ կարդինալ Լեոնարդո Սանդրին, Սուրբ Աթոռի պաշտոնյաներ, իտալացի օրենսդիրներ, օտարերկրյա դեսպաններ ու դիվանագետներ, լրագրողներ, հայ և Հռոմի մյուս քրիստոնյա համայնքների ներկայացուցիչներ։ Արարողության ընթացքում կարդինալ Կոխն իր խոսքում նշել է, որ Ֆրանցիսկոս Պապն աղոթքով միացել է արարողությանը՝ շնորհելով իր օրհնությունները բոլորին։

«Արարողության ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի հետ հանդես եկանք համատեղ ելույթով, որտեղ ընդգծեցինք ոչ միայն այս օրը Հայոց ցեղասպանության նահատակներին ոգեկոչելու, այլ նաև օգտագործելով օրվա խորհուրդը՝ ևս մեկ անգամ հնչեցնելու Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, ցեղասպան դրսևորումների զսպման, ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը»,- հավելել է Համբարձումյանը:

Այս տարի Հայկական հարցի շուրջ միջազգային հանրության աննախադեպ հետաքրքրությունը դեսպանը հիմնավորում է մի քանի պատճառներով:

«Այս տարի անկասկած նկատվում է Հայոց ցեղասպանության հարցի կապակցությամբ միջազգային հանրության ուշադրության աճ, այդ թվում՝ նաև Իտալիայում։ Կարծում եմ, առաջին հերթին, դա կարելի է դիտել որպես արձագանք անցած տարի սեպտեմբերին թուրք-ադրբեջանա-ջիհադական եռյակի հարձակմանը Արցախի ժողովրդի դեմ, որի նպատակներից էր հենց 1915 թվականին սկիզբ առած հայերի հանդեպ ցեղասպան ծրագրի շարունակումը»,- ասել է դեսպանը:

Միջոցառումների ընթացքում, ի թիվս այլոց, Հայոց ցեղասպանության տարելիցը հիշատակելու պարտավորության մասին են խոսել Իտալիայի պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոն և Իտալիայի կառավարության անդամ՝ Հանրային կառավարման նախարար Ռենատո Բրունետան, ինչը դեսպան Համբարձումյանն աննախադեպ է համարում։

«Բացի արդեն նշված՝ Հռոմի Ս․Բարդուղիմեոս եկեղեցում տեղի ունեցած ոգեկոչման արարողության, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ Իտալիայում ու Սուրբ Աթոռում հավատարմագրված Հայաստանի դեսպանությունները Հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների հետ համատեղ կազմակերպել ու մասնակցել են հայ համայնքի կողմից ձեռնարկած ոգեկոչման միջոցառումներին, որոնք անցկացվել են վատիկանյան ու իտալական կողմերի բարձրաստիճան ներկայացուցիչների, դիվանագիտական կորպուսի, հասարակական, քաղաքական գործիչների ներկայությամբ»,- նշել է Համբարձումյանը:

Ապրիլի 22-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանրային, ակադեմիական ու քաղաքական հայտնի գործիչների ու լրագրողների հետ մասնակցել է «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով առցանց քննարկմանը, իսկ ապրիլի 24-ին՝ Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման Սուրբ պատարագին։ Բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել նաև Իտալիայի տարբեր ծայրերում համայնքային իշխանությունների կողմից՝ հայ համայնքի մասնակցությամբ։

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն՝ Ուրուգվայը, Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիբանանը, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Հռոմի պապը, Եվրախորհրդարանը, մի շարք այլ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: Ցեղասպանության 106-րդ տարելիցի օրն իր ուղերձում Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

  --00—ՄՀ