ՌԴ և ՀՀ միջև փոխադարձ ներդրումների ծավալի ավելացման նախաձեռնություններ կմշակվեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, ապրիլի 29-ին ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից:

Կազանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:

Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Միխայիլ Միշուստինը նշել է՝ ուրախ եմ նրան տեսնել Ռուսաստանի Դաշնությունում՝ Թաթարստանում, Կազան քաղաքում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

«Նախևառաջ ցանկանում եմ Ձեզ փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի ամենաջերմ ողջույններն ու լավագույն մաղթանքները։ Ցանկանում եմ ասել, որ մեզ համար թանկ են Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները։ Դրանք երկարամյա դաշնակցային, ռազմավարական բնույթ են կրում, և հաջորդ տարի կնշենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը»,- ասել է նա:

Միշուստինը նկատել է՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ընդունված՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունները համատեղ աշխատանքի մեծ հնարավորություններ բացեցին։ Դա, առաջին հերթին, բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն է, նոր ենթակառուցվածքային երթուղիների ձևավորումը։ Այս ամենը պայմաններ կստեղծի Հարավկովկասյան տարածաշրջանի կայուն զարգացման համար։

«Ռուսաստանն աջակցում է, մենք մասշտաբային հումանիտար օժանդակություն ենք տրամադրում, և Հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի գծով պայմաններ են ստեղծվում փախստականների՝ իրենց բնակության մշտական վայրեր վերադարձի և հաջորդիվ՝ ենթակառուցվածքների վերականգնման համար։

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար գործընկերը։ Մեր համատեղ ձեռնարկություններն իրագործում են խոշոր տնտեսական նախագծեր։ Իհարկե, ցավոք, կորոնավիրուսն ազդեց երկկողմ առևտրի դինամիկայի վրա։ Նախորդ տարի մեր համատեղ ապրանքաշրջանառությունը նվազեց մոտավորապես 10 տոկոսով և կազմեց շուրջ 2 մլրդ 300 մլն դոլար։ Իհարկե, մեզ նման իրավիճակը ձեռնտու չէ։ Առաջարկում եմ հանձնարարել մեր միջկառավարական հանձնաժողովին, մեր կողմից Ձեզ քաջածանոթ Ալեքսեյ Օվերչուկին՝ նախապատրաստել նոր նախաձեռնություններ Հայաստանի հետ առևտրաշրջանառության և փոխադարձ ներդրումների ծավալն ավելացնելու համար»,- նշել է ՌԴ վարչապետը:

--00--ԱԹ