Ադրբեջանը գրավյալ տարածքներում մշակութային ցեղասպանություն է իրականացնում

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 3, 24News 

Դավիթ Բաբայան

Այն, ինչ տեղի է ունենում Շուշիում, ոչ այլ ինչ է, քան մշակութային ցեղասպանություն, մշակութային ահաբեկչություն եւ մշակութային նացիզմ: Այս մասին հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանցիների կողմից Շուշիի Ղազանչեցոց տաճարի գմբեթները ավերելը։

«Ադրբեջանի իշխանությունները փաստացի այս կերպ փորձում են շատ շոշափելի հարված հասցնել եւ հասցնում են մեր պատմական հիշողությանը, մեր հպարտությանը: Բայց մենք պետք է դիմանանք հարվածին եւ կդիմանանք դրան, որքան էլ դա ծանր ու զզվելի լինի: Պետք է հասկանալ, որ այն, ինչ այժմ կատարվում է Ղազանչեցոցում, կարող է մարտավարական նպատակներ ունենալ: Քանի որ Ադրբեջանն, ըստ էության, ոտնձգություն կատարելով Ղազանչեցոցի դեմ, ոչնչացնելով հրեշտակներին ու խաչերը, հետապնդում է որոշակի նպատակներ: Իմանալով Ադրբեջանը, երկար ժամանակ ուսումնասիրելով այս երկիրը, կարող ենք ասել, որ բացի նացիզմի, ահաբեկչության եւ ցեղասպանության տարրերից, կա նաեւ տակտիկական գործոն: Նա հատուկ է դրա վրա ուշադրություն հրավիրում՝ մի քանի նպատակ հետապնդելով: Առաջինը, ինչպես ասացի, հարված հասցնել մեր ինքնությանը, մեր հպարտությանը, հիշողությանը, ինքնասիրությանը: Երկրորդը՝ իր համար այս կերպ ճանապարհ հարթելն է՝ շեղելով մեր ուշադրությունը նրանից, ինչ նա այժմ անում է գրավյալ տարածքներում: Իսկ գրավյալ տարածքներում ոչնչացվում է Արցախի ողջ մշակութային պատմական ժառանգությունը: Ղազանչեցոցի դեմ ոտնձգության շուրջ աղմուկը փորձում է ուշադրությունը շեղել այլ ստոր արարքներից, բարբարոսությունից եւ վանդալիզմից:

Բացի այդ, բացառված չէ, որ այս կերպ նրանք փորձում են ուշադրությունը շեղել մարդասիրական խնդիրներից, ռազմագերիների, պատանդների եւ այլ խնդիրներից: Մենք որոշակի մտավախություններ ունենք, որ նրանք այնտեղ օրգանների վաճառքով են զբաղվում:

Մենք մեր դիրքորոշումն ու մտահոգությունները հասցրել ենք շատ շրջանակների: Միգուցե Ադրբեջանում զգացել են, որ իրենց հանցագործությունները կարող են հետաքննության առարկա դառնալ, եւ որոշել են իրենք հարձակման գնալ՝ ուշադրությունը շեղելու եւ Ղազանչեցոցի վրա կենտրոնանալու համար: Այս պահվածքը բնորոշ է շատ հանցագործների: Հասկանալով, թե ինչ ազդեցություն կունենա, նրանք գնում են դրան: Նրանք ծաղրում են միջազգային իրավունքը, միջազգային հանրությանը եւ «լուծում են» իրենց հարցերը:

Մենք պետք է գիտակցենք, որ մեր բոլոր հաղթանակներն ու պարտությունները մեզանից են կախված:

Իսկ նրանց ուզում եմ հիշեցնել, որ նա, ով քանդում է Աստծո տունը, երբեք անպատիժ չի մնա: Բայց դա արդեն այլ պատմություն է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

--00--ԱՀ