ՔՊ մի շարք առանցքային դեմքեր նոր ցուցակում չեն լինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News  

ՔՊ

Թեեւ նախընտրական ցուցակներում ամեն րոպե փոփոխություններ ու շտկումներ են արվում վերջնական հրապարակումից եւ ԿԸՀ դրանք փոխանցելուց առաջ, սակայն որոշակի պատկեր արդեն այնուամենայնիվ կա: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում այս անգամ չեն լինելու գործող իշխանության մի շարք առանցքային դեմքեր:

Հայկական ժամանակի աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա ընտրություններում ՔՊ ցուցակում չի լինի, օրինակ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Թե որն է պատճառը, մեզ չհաջողվեց պարզել: Նրա մամուլի խոսնակը խոստացավ ճշտել, սակայն այդպես էլ չպատասխանեց:

Ցուցակում չի լինելու նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Մարությանի մամուլի խոսնակն առաջարկեց լուրի իսկությունը ճշտել կուսակցությունից: Կուսակցությունում, սակայն, ցուցակի մասին տեղեկություններ իմանալու համար առաջարկում են սպասել եւս մեկ-երկու օր: 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններում իշխող կուսակցության ցուցակում չեն ընդգրկվելու նաեւ գործող պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Սիփան Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ցուցակում ընդգրկվողներին, ապա համակարգելով այդ մասով մեր ունեցած տեղեկությունները՝ կարելի է ասել, որ իշխող ուժի առաջին մեկուկես տասնյակը որոշակի տեղափոխություններով կունենա մոտավորապես այս տեսքը.

  1. Նիկոլ Փաշինյան
  2. Արարատ Միրզոյան
  3. Լիլիթ Մակունց
  4. Սուրեն Պապիկյան
  5. Խաչատուր Սուքիասյան
  6. Լենա Նազարյան
  7. Ալեն Սիմոնյան
  8. Արայիկ Հարությունյան
  9. Արփի Դավոյան
  10. Արսեն Թորոսյան
  11. Ռուբեն Ռուբինյան
  12. Մարիա Կարապետյան
  13. Ռոմանոս Պետրոսյան
  14. Գուրգեն Արսենյան
  15. Անահիտ Ավանեսյան

«Իմ քայլը» դաշինքի գործող պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ցուցակը կհրապարակվի մայիսի 26-ին և բոլոր մանրամասներին այդ օրը կտեղեկանանք: «Որոշ նորություններ կունենանք, նոր անձինք կներգրավվեն թիմում ու ես կարծում եմ, այո՛, այդ թիմը ընտրություններում ընդունակ է հաղթանակի: Մենք տեսնում ենք, որ հարցումները, հետազոտությունները, որ սոցիոլոգները անում են հիմա, դրանք մեզ լավատես լինելու բոլոր հիմքերը տալիս են»,- ասաց Ենգիբարյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ՄՀ