Գյումրիում սպասվում են խոշոր՝ 4 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Գյումրի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` Գյումրիում սպասվում են նոր խոշոր ներդրումներ: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

«Գյումրին բարեկարգելուն և մշակութային մայրաքաղաքի զբոսաշրջային ներուժը հզորացնելուն միտված աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ Նախատեսվում են այնպիսի աշխատանքներ, որոնք իրենց ծավալով աննախադեպ են», - նշել է նա։

Մասնավորապես` կիրականացվեն Խանջյան, Չայկովսկու, Աճեմյան, Հանեսօղլան, Ջիվանի, Տերյան և Նալբանդյան փողոցների, ինչպես նաև Հաղթանակի պողոտայի վերականգնում, Գյումրու քաղաքային Բարեկամություն զբոսայգու վերակառուցման նախապատրաստման աշխատանքներ, Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի` աջ և ձախ հատվածների վերականգնում։

«Այս բոլոր աշխատանքների արժեքը միասին՝ նախնական գնահատմամբ կկազմի շուրջ 4 միլիարդ 300 միլիոն դրամ։ Գյումրիում «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում արդեն իրականացվել են Շիրազի, Վարպետաց, Ջիվանու, Ղորղանյան և Աբովյան փողոցների վերանորոգման աշխատանքները», - գրել է Պապիկյանը։

--00--ԱԹ