Համոզված եմ, որ կձեռնարկվեն բոլոր միջոցները` համընդհանուր խնդիրները լուծելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 14, 24News

Thumbnail

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության  վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։

Հուսով եմ, որ, վերստանձնելով այս բարձր ու պատասխանատու պաշտոնը, Դուք և Ձեր ղեկավարած կառավարությունը կշարունակեք անել հնարավորը Հայաստանի Հանրապետության զարգացման, երկրի ու ժողովրդի պաշտպանունակության ու անվտանգության համակարգի զորացման, տնտեսական առաջընթացի ապահովման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ:

Համոզված եմ, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները համատեղ ուժերով հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության աստիճանը շարունակաբար բարձրացնելու և համընդհանուր խնդիրները լուծելու ուղղությամբ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ»։