Սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է նահատակների հիշատակը հավերժացնող նախագծի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակական

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների առանցքը նահատակների հիշատակի ընդգծումն է: Ազգային ժողովում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի՝ Անկախության տոնի գունագեղ միջոցառումների մասին հարցին:

«Ուզում եմ ներողություն խնդրել այն մարդկանցից  ում զգացմունքները որևէ կերպ խոցել եմ նման ձևակերպմամբ: Ես ասել եմ, որ մեր տրամադրությունը տոնական չէ, սակայն մեր հանրապետությունը 30 տարեկան է: Նախատեսվող միջոցառման առանցքը մեր նահատակների հիշատակն ընդգծելն է: Սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է անկախության տարիներից ի վեր պատերազմներում, մարտական հերթապահության ընթացքում Արցախից ու Հայաստանից իրենց կյանքը զոհած մեր եղբայրների ու քույրերի հիշատակը հավերժացնող մի մասշտաբային նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ մենք աշխատանքային քննարկումներ իրականացնում եք արդեն շուրջ վեց ամիս: Առանցքային փիլիսոփայությունը հետևյալն է՝ նահատակները ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գեղամ Նազարյանը հարց բարձրացրեց նաև անհետ կորածների վերաբերյալ՝ հետաքրքրվելով, թե որն է անհետ կորածների խնդրով այս ամիսների ընթացքում լուրջ մարմին չստեղծելու պատճառը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը վերջին ամիսներին տասնյակից ավելի հանդիպումներ է ունեցել անհետ կորածների հարազատների հետ: Այդ հանդիպումները չեն լուսաբանվել:

«Ուզում եմ ասել, որ անհետ կորածների հարցով զբաղվող մարմին կա: Անհետ կորածների հարազատներին ասել եմ, որ ինքս եմ այդ հարցերը համակարգում: Մեր պետական մարմիններն ամենաբարձր մակարդակով զբաղվում են այդ հարցով: Բոլոր հնարավոր միջոցները իրագործվում են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս