Սերժ Թանկյանն ու Արթուր Մեսչյանը հրաժարվել են մասնակցել Անկախության օրվա համերգին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

անկախություն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք արդեն գրել ենք, որ անկախության տոնի համերգը նախապես լրիվ այլ ծրագրով էր լինելու` իսկապես «գունագեղ» եւ «տաշի-տուշի» ոճի մեջ: Սակայն, մի կողմից, հանրային ընդվզումը, մյուս կողմից՝ կատարողներից շատերի՝ մասնակցությունից հրաժարվելը փոխել են կազմակերպիչների ծրագրերը: Ընդ որում, համերգի նախնական սցենարը կազմվել է դեռեւս օգոստոսի սկզբին:

«Դոմինո փրոդաքշնի» ներկայացուցիչները մի շքեղ, գունավոր պորտֆոլիո են սարքել եւ այցելել հավանական մասնակիցներին` ներկայացնելով իրենց առաջարկը: Ըստ նախնական ծրագրի, տոնակատարությանը պետք է մասնակցեին Սերժ Թանկյանը` իր խմբով, Արթուր Մեսչյանը, Ռուբեն Հախվերդյանը, Տիգրան Հեքեքյանի «Փոքրիկ երգիչները»: Սակայն մի քանի օր անց պարզվել է, որ Թանկյանի խումբը չի գալու:

Թանկյանը խոստացել է գոնե մենակ գալ, հետո ասել է, որ մենակ էլ չի կարող: Մասնակցելուց հրաժարվել է նաեւ Մեսչյանը` պատճառաբանելով, թե ձայնը լավ վիճակում չէ: Հեքեքյանը հենց տեղում մերժել է առաջարկը:

Հախվերդյանը շատ ավելի ուշ է փոշմանել: Եվ որոշվել է դասական երաժշտությամբ ու տեխնիկական էֆեկտներով լրացնել հայտնի անձանց բացակայությունը: Սակայն, այնուամենայնիվ, պարզ չէ, թե 2 միլիոն դոլարից ավելի գումարն ինչի վրա է ծախսվել, եւ ով է հատկացրել, եթե ճիշտ են այն պնդումները, թե պետբյուջեից չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 --00—ՄՀ

Տեսանյութեր