Արտակ Բեգլարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայերի հետ, քննարկել են Արցախի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

նկար

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Լոս Անջելեսի հայկական համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների՝ Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կազմակերպմամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի պետնախարարի գրասենյակը:

Արտակ Բեգլարյանը հանգամանալից ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, կարճաժամկետ ու երկարաժամկետ կարիքները և կառավարության ծրագրերը: Պետական նախարարն ընդգծել է, որ առանց աշխարհասփյուռ հայության ակտիվ ու շարունակական ներգրավման հնարավոր չէ ապահովել Արցախի արագ ու արդյունավետ վերականգնումն ու զարգացումը:

Արտակ Բեգլարյանի ներկայացմամբ՝ Արցախի երկարաժամկետ ապագան կարող է լինել անվտանգ ու զարգացած հինգ հիմնական հենասյուների վրա՝ կայուն անվտանգություն, աճող ժողովրդագրություն, զարգացող տնտեսություն, որակյալ կրթություն և արդյունավետ կառավարում:

Անմիջական մթնոլորտում անցած հանդիպմանը ներկաների հետ քննարկվել են Արցախի կենսագործունեությանն առնչվող բազմաթիվ հարցեր:

Նախքան միջոցառումը պետական նախարարը նաև մամուլի ասուլիս է ունեցել Կալիֆորնիայի հայկական լրատվամիջոցների համար:

--00—ԼՄ