Օբաման կոչ է անում երիտասարդներին իրենց քվեով նպաստել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24 News

Օբամա

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի քննադատեց նրանց, ովքեր վարում են կլիմայական փոփոխության դեմ պայքարից խուսափելու քաղաքականություն: Այս հարցում նա քննադատել է Ռուսաստանին և Չինաստանին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հանրապետական ղեկավարներին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Հատկապես հուսահատեցնող է այն հանգամանքը, որ մթնոլորտն ամենից շատն աղտոտող երկրները` Չինաստանն ու Ռուսաստանը հրաժարվել են անգամ մասնակցել Գլազգոյի հանդիպմանը », - ասել է Օբաման:

«Երկրագնդի համար չափազանց կարեւոր այս հարցում անտարբերություն ցուցաբերելու հանգամանքը պարզապես ամոթ է»,- հայտատարել է նա:

Դեմոկրատ նախկին նախագահը, ելույթ ունենալով COP26 կլիմայական գագաթաժողովի ժամանակ, թիրախ է ընտրել նաև Հանրապետական կուսակցությունից ընտրված օրենսդիրներին:

Օբամայի խոսքերով, Փարիզի համաձայնագիրը, որի կայացման ու այստեղ պայմանագիր կնքելու համար ինքը մեծ ջանքեր էր ներդրել, ստեղծել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի կարեւոր շրջանակ: «Սակայն դրանից հետո շատ քիչ բան է արվել», ասում է նա:

«Պետությունների մեծ մասը չի ցուցաբերել կլիմայական փոփոխության դեմ պայքարելու այնպիսի կիրք, ինչպիսին պիտի ունենայինք կարեւորագույն այս խնդրում», ասել է Օբաման:

«Քվեարկեք այնպես, ինչպես տեսնում եք ձեր կյանքի ապագան, քանի որ այդ ապագան կախված է այդ քվեից», ասել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման իր խոսքն ուղղելով հատկապես երիտասարդությանը: Նա ավելացրել է, որ միայն ընտրողների կողմից ցուցաբերվող ճնշումը կարող է ստիպել պետություններին ավելի լրջորեն մոտենալ կլիմայական փոփոխության դեմ անհրաժեշտ նախագծերին:

--00—ՄՀ