Կինն այցելել է ադրբեջանցիների վրա պայթուցիկ սարք նետած Նորայր Միրզոյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Հասարակական

Արցախի քննչական կոմիտեն տեղեկություններ չի տրամադրում նոյեմբերի 13-ին Շուշի քաղաքի անցակետում ադրբեջանցի զինծառայողների վրա պայթուցիկ սարք նետած Նորայր Միրզոյանի վերաբերյալ։

«Նախաքննությունը շարունակվում է, և նախաքննության գաղտնիքներից ելնելով՝ չենք կարող որևէ բան ասել», - այս մասին 24News-ին ասաց Արցախի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Նանար Պողոսյանը։ Պողոսյանը նշեց, որ Նորայր Միրզոյանի անվտանգությունից ելնելով՝ չի կարող հավելյալ որևէ տեղեկություն տալ։

24News-ի հետ զրույցում, Միրզոյանի կինը՝ Սուսաննան, ասաց, որ ամուսնուն հիվանդանոցում այցելել է։ «Մի փոքր առողջական խնդիրներ ունի, բուժում է ստանում։ Ստրեսի մեջ է, չի կարող խոսել», - եզրափակեց տիկին Սուսաննան։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Նորայր Միրզոյանը Շուշի քաղաքի ադրբեջանական անցակետում պայթուիկ նյութ էր նետել ադրբեջանցի զինվորականների վրա, ինչի հետևանքով, ըստ ադրբեջանական կողմի, վնասվածք էր ստացել 3 զինծառայող։ Միջադեպից քիչ անց որոշ ժամանակով փակվել էր Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը։ Այդ օրն Արցախի Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարության համաձայն՝ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում: Դեպքից քիչ հետո Միրզոյանը հանձնվել էր ռուս խաղաղապահներին, այնուհետև փոխանցվել Արցախի իրավապահներին։

--00--ԿԿ