Սևանը հեռացվել է VBET ՀՊԼ-ից և տուգանվել

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2,  24 News

սևան

Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Կոմիտեի որոշմամբ՝ «Սևան» ՖԱ-ն հեռացվել է VBET ՀՊԼ-ից՝ հաջորդ մրցաշրջանում միայն Առաջին խմբի առաջնությունում հանդես գալու հնարավորությամբ։

«Կոմիտեն քննարկումների արդյունքում՝ 4 կողմ և 0 դեմ ձայներով որոշեց`
Հաստատված համարել «Սևան» թիմի կողմից կարգապահական խախտում թույլ տալը, այն է՝ VBET ՀՊԼ առաջնության (2021-2022 մրց.) ընթացքում երկու խաղի անհարգելի պատճառով չներկայանալը, և ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 7-րդ կետով` «Սևան» թիմին հեռացնել VBET ՀՊԼ առաջնությունից և զրկել սույն մրցաշրջանում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող այլ մրցաշարերին մասնակցելու իրավունքից, և «Սևան ՖԱ» ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500.000 ՀՀ դրամի չափով, հաջորդ մրցաշրջանում միայն Առաջին խմբի առաջնությունում հանդես գալու հնարավորությամբ»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ VBET ՀՊԼ 15-րդ տուրի ԲԿՄԱ-«Սևան» հանդիպումը չէր կայացել «Սևան» ՖԱ-ի՝ մարզադաշտ չժամանելու պատճառով։ Հանդիպումը պետք է կայանար նոյեմբերի 26-ին։ Մինչ այդ՝ VBET ՀՊԼ՝ նոյեմբերի 17-ին նշանակված «Սևան»-«Ալաշկերտ» հանդիպումը նույն պատճառով ևս չէր կայացել։

Նիստի ընթացքում կայացած որոշումները կարող եք տեսնել այստեղ։

--00—ՄՀ